Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից 12 հազար դոլար է վերցրել, բայց տղաների շիրմաքարերը չի տեղադրել, գումարն էլ հրաժարվել է վերադարձնել
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր հայտնաբերվել և խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 45-ամյա Ա․ Ն․-ն, ով անցնելով բարոյականության բոլոր սահմանները՝ սրբապղծություն է իրականացրել պատերազմում զոհված 2 հերոսների ծնողի նկատմամբ, գրում է Shamshyan.com-ը։
Լրատվամիջոցի հայտնած տվյալների համաձայն՝ բերման ենթարկվածը 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված 2 հերոս տղաների շիրմաքարերի պատվերի համար զոհվածների ծնողից առձեռն ստացել է 12 հազար ԱՄՆ դոլար գումար, ինչից հետո սակայն շիրմաքարերը չեն տեղադրվել, իսկ Ա․Ն․-ն տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է գումարը վերադարձնել։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք, ինչպես նաև Ա․ Ն․-ն, ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։