Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 7-ը դեկտեմբերի․ Արամ Սարգսյանի ծափերի տողատակը (տեսանյութ)

1990-ի դեկտեմբերի 6-ի երեկոյան Երեւան քաղաքում ուժեղ պայթյուն է որոտում : Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը գազամատակարարման համակարգի անսարքությունն է, որը գրեթե ամբողջությամբ ավերում է նորակառույց շենքի առաջին 4 հարկերը: Կան զոհեր եւ վիրավորներ:

1992-ի դեկտեմբերի 7-ին նշվում է Սպիտակի երկրաշարժի 4 տարին: 4 տարի առաջ Հայաստանի հյուսիս արեւմուտքը հավասարվեց հողին, պաշտոնական տվյալներով՝ 32 հազար զոհ: Աղետից 4 տարի հետո մարդիկ ապրում են այսպիսի պայմաններում, իսկ աղետի գոտին ընդգրկել է ամբողջ Հայաստանը որտեղ էլեկտրաէներգիա եւ գազ չկա Ադրբեջանի ձեռնարկած շրջափակման պատճառով:

1997ի այս օրը Երեւանի շուկաներում վաճառականներն իրականացնում են այն օրերին դեռեւս չլսված ֆլեշմոբ՝ վաճառասեղանին բնամթերքի կողքը վառվել են մոմեր ի հիշատակ երկրաշարժի զոհերի:

1998-ի դեկտեմբերի 7-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելում է նաեւ աղետի գոտի: Այստեղ նա վստահեցնում է, որ երեք տարի հետո «աղետի գոտի» հասկացությունն այլեւս չի լինի:

1998-ի այս օրերին Սահմանադրական դատարանը զայրացրել է Սեւանի փողոցի մի քանի տների բնակիչներին: Վերջիններիս տներին կից է ՍԴ-ի ավտոտնտեսության տարածքը, որտեղ կա բենզալցման կայան եւ վառելիքի 16 տոննայանոց ցիստեռն: Մարդիկ վախենում են, տանը լուցկի վառել, վախենում են, երբ ՍԴ-ի մեքենաները գալիս են այստեղ լիցքավորվելու, վախենում են, որ վաղ թե ուշ ցիստեռնը կպայթի եւ այս տներն իրենց բնակիչներով օդ կբարձրանան:

1999-ի դեկտեմբերի 7-ին Մոսկվա մեկնելուց առաջ վարչապետ Արամ Սարգսյանը օդանավակայանում պատասխանում է այն հարցին, թե Երկրապահների համագումարում ինչու՞ էր ծափահարում երկու ելույթ ունեցողների հակաքոչարյանական ելույթները: Ի դեպ, նրա համար սովորական բան էր, որ կառավարություն ձեւավորելիս ինքն ու նախագահ Քոչարյանը լուրջ հակասություններ են ունեցել: Նույն օրը Հայաստանի վարչապետ Արամ Սարգսյանը Մոսկվայում առանձնազրույց է ունենում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Պուտինը գոհ չէ, որ նվազել է երկու երկրների միջեւ ապրանքափոխանակությունը, նույնը չի կարելի ասել ռազմական համագործակցության մասին:

2000-ի այս օրը նույնպես Քոչարյանը Գյումրիում է: Կրկին ծաղկեպսակներ, կրկին հոգեհանգստյան արարողություն: Նախագահը կտրում է 90 բնակարան ունեցող նորակառույց շենքի բացման ժապավենը: Պետական բուհեր վճարովի հիմունքներով ընդունվածների 40 տոկոսն անվճարունակ է:

2000-ի այս օրը ոլորտի փոխնախարարն ասում է, որ անվճարունակներին օգնելու պետության հնարավորությունները սահմանափակ են:

2001-ի դեկտեմբերի 7-ին ավագ գրողները դժգոհում են ժամանակակից գրականությունից՝ չափազանց շատ է էրոտիկան: Բանաստեղծ Արեւշատ Ավագյանն ասում է՝ դա էսօրվա շուկայի պահանջն է:

102 հազար քաղաքացի ամբողջ Հայաստանից միացել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության ստորագրահավաքին:

2001-ի այս օրը տեղեկացնում է Ազգային Միաբանության նախագահ Արտաշես Գեղամյանը: Վերջինս վստահեցնում է, որ եղել են դեպքեր, երբ մարդիկ ստորագրել են ձեռքերն Աստվածաշնչի դրած: Աստծո աջակցությունը չէր խանգարի։

2007-ի դեկտեմբերի 7-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ հաջորդ տարվա նախագահի ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

2012-ի այս օրը պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ նախագահի հաջորդ տարվա ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն Հայաստանի, այլեւ Ջավախքի, Արեւմտյան Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների հավաքական թեկնածուն է։