Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ժաննա Անդրեասյան
A A
Հասարակություն

ՄԿՈՒ հաստատությունների վերապատրաստված և ատեստավորված մանկավարժների աշխատավարձերն ավելի քան կկրկնապատկվեն

ՀՀ կառավարությունը հաստատեց մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված  կամ տարակարգ ստացած մանկավարժների աշխատավարձերի դրույքաչափի և հավելավճարի սահմանման կարգը և չափը հաստատելու որոշման նախագիծը:

Կառավարության հերթական նիստում նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա տեղեկատվությամբ՝ այս տարվա փետրվարին նախարարի հրամանով արդեն իսկ հաստատվել էր ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը, որի հիման վրա չորս ուղղություններով՝ ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ, վերապատրաստվել են քոլեջներում աշխատող շուրջ 361 համապատասխան աշխատողներ: Նոյեմբերի 30-ին նրանց համար կազմակերպվել է  նաև ատեստավորման գործընթացը:

«Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ շատերը հաջողությամբ հաղթահարել են ատեստավորումը: Նախագծով սահմանվում է ատեստավորման արդյունքում ատեստավորված աշխատակիցների նկատմամբ գործող խրախուսման ձևերը, որոնք համանման են հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման խորախուսման համակարգին: Մասնավորապես՝ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած աշխատակիցների համար դրույքաչափը սահմանվում է 200 հազար դրամ՝ մեկ դրույք զբաղվածության պարագայում, իսկ 70 տոկոս  և բարձր արդյունքներ գրանցելու պարագայում, բացի դրույքաչափից, կիրառվելու են նաև հավելավճարներ»,-ներկայացրեց Անդրեասյանը:

Ըստ այդմ՝ 70-79 տոկոս արդյունք գրանցելու պարագայում հավելավճարը կկազմի 30 տոկոս, 80-89 տոկոսի դեպքում՝ 40, իսկ 90-100 տոկոսի դեպքում՝ 50 տոկոս հավելավճար: