Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահե-Հովհաննիսյան․jpg
A A
Քաղաքականություն

Ժամանակն է, որ քաղաքական միավորները, որոնք հայտ են ներկայացնելու առաջիկա ընտրություններին, ֆլեշմոբային պահվածքից անցնեն իրական քաղաքականության․ Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․ 

Մեկ հոգու ազդարարած հանրաքվեն՝ իբր դեպի ԵՄ ուղղություն վերցնելու մասին, ակնհայտորեն ավանտյուրիստական, ոչնչով չհիմնավորված, քաղաքական, տնտեսական, անվտանգային ոչ մի ռացիոնալ հաշվարկ չպարունակող, պետական շահ չենթադրող նախաձեռնություն է։ Սա նշանակում է, որ դրան պետք է հստակ այլընտրանք հակադրել։
Օրինակ՝ հայ ժողովրդին առաջարկել իրական զարգացման հիմք ունեցող, աշխատող մի գաղափար, ինչպիսին կարող է լինել ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությունը։ ԲՐԻԿՍ-ի ներուժն ու զարգացման հնարավորություններն այսօր մանրամասնորեն քննարկվում են նույն արևմուտքում, սակայն գրեթե զրոյական ուշադրության են արժանանում հայաստանյան տիրույթում։ Անհրաժեշտ է ժողովրդին բացատրել, հիմնավորել, տեսանելի դարձնել պետական շահը, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու շահն այս հեռանկարում։
Ժամանակն է, որ քաղաքական միավորները, նոր կառույցները, որոնք հայտ են ներկայացնելու առաջիկա ընտրություններին, ֆլեշմոբային պահվածքից անցնեն իրական քաղաքականության։
 
Սա առաջարկում է անել ԵՄ-ի անդամակցության հանրաքվե, որը արհեստական և զրոյական հեռանկարով պրոցես է, ուրեմն դիմացը պետք է լինեն ուժեր, որոնք կառաջարկեն գնալ ԲՐԻԿՍ-ին անդամակցության ճանապարհով՝ իրական հեռանկարներով։
Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը՝ Ռուսաստանը, ԲՐԻԿՍ անդամ է, Հայաստանի անմիջական հարևան Իրանը՝ նույնպես, Ադրբեջանն ու Թուրքիան հայտ են ներկայացրել։
 
Վրաստանը սառեցնում է ԵՄ-ի հետ բանակցությունները, մեր պոտենցիալ աջակից խոշոր պետությունները, որոնց հետ կարող ենք անել լուրջ բազմամիլիարդանոց ենթակառուցվածքային ծրագրեր, ԲՐԻԿՍԻ անդամ են՝ Չինաստանը, Հնդկաստանը։ Շատ շուտով Հայաստանը կարող է ոչ թե պարզապես սահմանակից լինել ԲՐԻԿՍ-ին, այլ՝ շրջապատված ԲՐԻԿՍ-ով։
 
Ե´վ լոգիստիկ հնարավորությունների, և´ նոր խոշոր ենթակառուցվածքների ստեղծման, և´ անվտանգության ու կովկասյան նոր ճարտարապետության, և´ նոր դաշնակիցների ձեռքբերման , և´ ֆինանսական աղբյուրների ձեռքբերման տեսակետից ԲՐԻԿՍ-ը այսօր մեզ համար շատ կարևոր է։