Օրացույց․ 1-ը դեկտեմբերի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1991-ի դեկտեմբերի 1-ին բարեգործական այցով Հայաստանում է Շառլ Ազնավուրը։ Սա նրա 3-րդ այցն է Սպիտակի երկրաշարժից հետո։ Արմավիրում մանկական սննդի գործարանի բացմանը նրան ողջունում է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Գործարանը կառուցվել է «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի միջոցներով։
1997-ի դեկտեմբերի 1-ին լրագրողներին է հանդիպում Ազգային հեռուստաընկերության տնօրենը։ «Ես հեռուստատեսային մարդ չեմ»,-ասում է Համլետ Գասպարյանը։ 5 ամիս առաջ նշանակված այս մարդն ընդունում է, որ իր ղեկավարած հեռուստաընկերությունը գրավիչ չէ, ընդունում է նաեւ, որ առանձնապես չեն լուսաբանում ընդդիմության գործունեությունը։
1998-ի դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը, մեր պատգամավորները հակասական զգացումներ ունեն ամբողջ աշխարհը պատուհասած այդ հիվանդության հանդեպ։ Թեպետ Հայաստանը նույնպես ունի այդ հիվանդության դեմն առնող օրենք։ Կոմկուսը եւ առաջադեմ հայությունը 1998-ի դեկտեմբերի 1-ին զայրացած է՝ վանդալները պղծել են Ալեքսանդր Մյասնիկյանի եւ Ստեփան Շահումյանի արձանները։
Կոմունիստները հանրահավաք են հրավիրում եւ մեղադրում ՀՀՇ-ին, որն, ըստ նրանց, չգնահատեց այս գործիչներին։ Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը 1999-ի այս օրը պարզաբանում է, թե ինչու կառավարության նոր կազմից դուրս մնաց պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Նույն օրը Վանո Սիրադեղյանի եւ մյուսների դատավարությունը հետաձգվում է մինչեւ հաջորդ տարի։ Պատճառն այն է, որ Վանո Սիրադեղյանը հրաժարվում է իր փաստաբանից եւ պայմանագիր կնքում նոր փաստաբանի հետ, որը դատարանից 35 օր է խնդրում։ Նույն օրը դատավորը մերժում է կողմերի խնդրանքը՝ կալանքի տակ վերցնել վանո Սիրադեղյանին։
2000-ի դեկտեմբերի 1-ին նախագահի նստավայրի մոտ են հավաքվել խաբված ավանդատուները։ Նրանք պահանջում են բանկերում ներդրված իրենց գումարները, որոնք անհետացել են բանկերից բանկերի հետ միասին։ Ավանդատուները դիմել են նաեւ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Անդրանիկ Մանուկյանին, որը խոստացել էր օգնել։
Նույն օրը տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն ասում է՝ նախագահ Քոչարյանի սեղանին տնտեսության զարգացման ոչ մի ծրագիր չկա։ Տնտեսական ծրագրերի առումով երկրում ինտելեկտուալ վակոււմ կա։ Հրանտ Բագրատյանն ասում է, որ ԱՊՀ-ի կտրվածքով մեր գործերը լավ չեն։ «Հաղթանակ» զբոսայգում կառուցվող հյուրանոցը 2000-ի այս օրը Գրողների միության դահլիճ էր հավաքել հակամարտող կողմերին՝ Կանաչների միությանն ու Երեւանի գլխավոր ճարտարապետին։ Ըստ կանաչների, զբոսայգին պատմական մշակութային տարածք է եւ այնտեղ հյուրանոցի կառուցման թույլտվությունն անօրինական է։ Երեւանի գլխավոր ճարտարապետը իրենն է պնդում՝ նման բան չկա։ Խորհրդարանական միանգամից 5 ընդդիմադիր կուսակցություն 2001-ի այս օրը համատեղ քննարկումներից հետո հայտարարում են Ազգային Ժողովին խորհրդարանական կառավարմանն անցնող սահմանադրության մեկ միասնական նախագիծ ներկայացնելու մասին։ Ալբերտ Բազեյանի կուսակցությունը դեմ չէ ոչ խորհրդարանականին, ոչ նախագահականին, պարզապես երկրորդը մեր մոտ չի աշխատում։ Նույն օրը քաղաքապետի որոշմամբ Երեւանում դադարեցվում է տրամվայի թիվ առաջին եւ երկրորդ երթուղիների սպասարկումը։ Քաղաքապետարանը վստահ է, որ էլեկտրական տրանսպորտն աշխատում է վնասով, իրենց այդպիսի տրանսպորտ պետք չէ։ «Տրամվայ» մասնաճյուղի բաժնի պետն ասում է, որ 20 դրամով էլ այս տրանսպորտն օգուտով կաշխատի, ինքը մեխանիզմներ է առաջարկել։
2003-ի դեկտեմբերի 1-ին սպանություն նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը։ Դեռեւս չհաստատված լուրերով նա նախապատրաստում է գործարար Սամվել Ալեքսանյանի սպանությունը։
2009-ի այս օրերին գրեթե բոլոր քաղաքական ուժերը մտածում են հայ-թուրքական արձանագրությունները դարձնել Հայաստանում իշխանափոխության պատճառ։ Միայն Արամ Կարապետյանը մի քիչ այլ կարծիքի է։