Սերգեյ Սմբատյանը կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նոյեմբերի 30-ին ելույթ կունենա Կանադայում՝ «Regent» թատրոնում՝ ղեկավարելով Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Նվագախումբը մաեստրո Սմբատյանի գլխավորությամբ հանդես կգա ռուս մեծ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու հանրահայտ «Մարդուկ-ջարդուկ» («Շչելկունչիկ») բալետի համերգային կատարմամբ։ Երեկոն կուղեկցվի մուլտիմեդիա պրոյեկցիաներով։
***
ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆ
Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը և Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը։ Որպես դասական երաժշտության ժողովրդականացման ակտիվ ջատագով՝ դիրիժորը ծավալում է հագեցած միջազգային գործունեություն, ինչպես նաև մեծ կարևորություն է տալիս դասական երաժշտության լսարանի երիտասարդացմանը և համաշխարհային ժամանակակից դասական երաժշտության հանրաճանաչմանը։
Դիրիժորը մի շարք ամենամյա երաժշտական փառատոների, ինչպես նաև Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավարն է: Նրա նախաձեռնությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իրականացնում է կրթամշակութային ծրագրեր՝ ուղղված երիտասարդ սերնդի մշակութային զարգացմանը։ Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմադրամը (M4FF) 2019 թվականից աջակցում է պատանի երաժիշտների մասնագիտական առաջընթացին:
Նախորդ համերգաշրջաններում որպես հրավիրյալ դիրիժոր ղեկավարել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, «Ֆիլհարմոնիա» նվագախումբը, Վարշավայի ֆիլհարմոնիկ, Դրեզդենի ֆիլհարմոնիկ, Բրատիսլավայի Սլովակ ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի: 2022-2023թթ․ համերգաշրջանում Սերգեյ Սմբատյանն ակտիվ համերգային շրջագայություններ է ունեցել Միացյալ Թագավորությունում Ռումինիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, 2023թ. ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հյուրախաղերը Միացյալ Թագավորությունում, իսկ 2024 թվականին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած առաջին հյուրախաղերը:
2023 թվականից Սերգեյ Սմբատյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան է: