Արթուր Մարտիրոսյանը հետևել է Ախուրյանի երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Շիրակի մարզի Ախուրյան բնակավայր՝ ծանոթանալու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծվող «Ախուրյանի երիտասարդական հաբ» երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին:
Այցին ներկա էին Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը:
«Մեր ակնկալիքն է, որ այս կենտրոնը, ի թիվս այլ կենտրոնների, երիտասարդների համար կդառնա ամենատարբեր կարողություններ զարգացնելու շատ կարևոր միջավայր: Կենտրոնը պետք է ծառայի նաև որպես երիտասարդների քաղաքացիական մասնակցության բարձրացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման, իրազեկվածության ապահովման հարթակ, ինչը լրացուցիչ հնարավորություն կստեղծի տեղեկանալու Կառավարության ծրագրերի մասին և դառնալու դրանց ակտիվ մասնակիցը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Այցի շրջանակում Արթուր Մարտիրոսյանը հետաքրքրվել է կենտրոնի տարբեր հատվածների գործառնական նշանակությամբ, ներքին հարդարման մանրամասներով, գույքային հագեցվածությանն առնչվող հարցերով, հատկապես կարևորել ներառականության ապահովման անհրաժեշտությունը: Տեղեկացվել է, որ կենտրոնում նախատեսված են հյուրերի համար նախատեսված հանգստյան սենյակներ, միջոցառումների սրահ, խաղասենյակ, ճաշասենյակ, գրադարանային հատված՝ ընթերցասրահով:
Տեղում քննարկվել են ընթացիկ խնդիրները, հստակեցվել են շինաշխատանքների ավարտման ժամկետները, դիտարկվել են միջազգային համագործակցության հեռանկարները և այլն:
Նշենք, որ կենտրոնը տեղակայված կլինի Ախուրյանի կոմունալ սպասարկում իրականացնող վարչության նախկին շենքում, որը համայնքապետարանի կողմից տրամադրվել է անհատույց օգտագործման իրավունքով: Կենտրոնը զբաղեցնում է 230 քմ տարածք. այն սպասարկելու է հարակից 35 բնակավայրերի և նախատեսված է շուրջ 300 երիտասարդի համար:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ