Կապան համայնքի ղեկավարի ավտոմեքենան հրդեհելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվել է Կապան համայնքի ղեկավարի ավտոմեքենան հրդեհելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Ավելի վաղ տեղեկացրել Էինք, որ 2024թ. մայիսի 21-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի կողմից օգտագործվող «Lexus» մակնիշի ավտոմեքենան հրդեհելու վերաբերյալ ստացված տեղեկության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նշված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Կապան համայնքի բնակիչը, դժգոհելով սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող տան սեփականաշնորհման և հասցեի տրամադրման գործընթացի ձգձգումից, որոշել է ոչնչացնել համայնքի ղեկավարի կողմից շահագործվող, առանձնապես խոշոր չափերի՝ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գույքը՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենան:
Այդ նպատակով նշված անձը 2024թ․ մայիսի 21-ին՝ ժամը 19։45-ի սահմաններում, իր հետ նախապես վերցրած բենզինը լցրել էր Կապան քաղաքի Չարենցի փողոցում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի և դիմապակու վրա ու վառել։ Սակայն հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չէր իրագործվել, քանի որ հրդեհը ժամանակին մարվել էր։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կապան համայնքի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե