Ժամը 15:00-ի դրությամբ Վրաստանում ընտրողների ակտիվությունը 41,62 տոկոս է
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փոխանցմամբ, ժամը 15:00-ի տվյալներով` ընտրատեղամասեր է այցելել 1 մլն 454 հազար 837 ընտրող, որը կազմում է ընտրողների 41,62 տոկոսը: Հայտնում է aliq.ge-ն։
2020 թվականի խորհրդարանական ընտրություններին ժամը 15:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 36,45 տոկոս, 2016 թվականին` 34,79 տոկոս, 2012 թվականին՝ 44,99 տոկոս։
Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։
150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։