Բացել լրահոսը Փակել լրահոսը
755
A A
Հասարակություն

Իրանը հայտարարել է, որ կօգտվի Իսրայելին պատասխանելու իր իրավունքից

Իրանը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա, իրեն պարտավորված է համարում արձագանքել Իրանի տարածքի վրա Իսրայելի հարվածներին։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

Շեշտվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Իսրայելի ագրեսիվ գործողություններն Իրանի ռազմական կենտրոնների դեմ և դրանք համարում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության, մասնավորապես՝ սկզբունքի բացահայտ խախտում։

Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանը, ելնելով օրինական պաշտպանության իր իրավունքից, որն արտացոլված է նաև ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում, իրեն տալիս է արտաքին ագրեսիայի գործողություններից պաշտպանվելու իրավունք և պարտավորություն։

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու նպատակով։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։

Fars լրատվական գործակալությունը պնդել է, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի շարք ռազմակայանների վրա, իսկ Tasnim լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի մայրաքաղաքի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմական կենտրոնները չեն տուժել։

«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցն էլ հաղորդել է՝ Մոսկվայի ժամանակով մոտ 4։25-ին Թեհրանի կենտրոնական հատվածում՝ ՌԴ դեսպանատան մոտ, լսվել է պայթյունների երկրորդ շարքը, որը տևել է մոտ մեկ րոպե։