Վրացի մասնագետը հրաժարվեց խոսել ռուսերեն
«Բանանցի» առաջիկա մրցակից Ռուստավիի «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Արմազ Ջելաձեն երեկ պարապմունքից առաջ պատրաստվում էր մամուլի ասուլիս տալ Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:Ասուլիսը չկայացավ, ու ոչ միայն այն պատճառով, որ ներկայացել էին ընդամենը ...երկու լրագրող:
«Ա1+»-ի մարզական լրագրողին չհաջողվեց անգամ կարճ հարցազրույց վերցնել վրացի մասնագետից, քանի որ «Մետալուրգի» մամուլի քարտուղարն ասաց, որ գլխավոր մարզիչը խոսում է միայն վրացերեն եւ անգլերեն լեզվով (հայտնի պատճառներով վերջինս հրաժարվում է շփվել ռուսերենով):
«Բանանցի» մրցակիցը Երեւան է ժամանել լրիվ կազմով: «Մետալուրգը» լրիվ համալրված է տեղացի ֆուտբոլիստներով: Ի դեպ, Վրաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակում չկա, սակայն խաղին կարող են մասնակցել նրանցից միայն հինգը:
Մարզմանը թեեւ ներկա չէին որեւէ վրացի լրագրող եւ ֆուտբոլասեր, սակայն թիմի գործադիր տնօրեն Թոռնիկե Մայսուրաձեն ասաց, որ խաղի օրը Երեւան կժամանեն ԶԼՄ-ների 5 ներկայացուցիչներ եւ տասնյակ երկրպագուներ, այդ թվում Ռուստավիի մարզպետը:
Նշենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի «Բանանց» - «Մետալուրգ» խաղը կկայանա այսօր, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: Մուտքը անվճար է:
Բուքմեյքերական գրասենյակները հավասար են գնահատում թիմերի հնարավորությունները. «Բանանցի» հաղթանակը գնահատվում է 2,58 գործակցով, իսկ «Մետալուրգինը»` 2,62-ով: