«Ռիվեր Փլեյտը» մնաց առանց «տան»
Արգենտինայի ամենատիտղոսակիր ակումբը, Բուենոս Այրեսի «Ռիվեր Փլեյտը» (33-անգամ չեմպիոն), որը վերջերս դուրս մնաց երկրի բարձրագույն խմբից, հերթական ցավոտ հարվածը ստացավ:
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան 20 խաղով որակազրկել է ակումբին պատկանող մարզադաշտը: Դա նշանակում է, որ «Ռիվեր Փլեյտը» մոտ մեկ տարի ստիպված կլինի հանդես գալ չեզոք դաշտերում:
Նման որոշման պատճառ է հանդիսացել երկրի առաջնության «Ռիվեր Փլեյտ» - «Բելգրանո» անցումային խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1, որի պատճառով դաշտի տերերը դուրս էին մնացել ուժեղագույնների խմբից:
Հանդիպման վերջում դաշտի տերերի առավել ագրեսիվ երկրպագուները անկարգություններ են հրահրել տրիբունաներում: Անգամ 2000 ոստիկաններին չի հաջողվել կարգուկանոն հաստատել մարզադաշտում: Արդյունքում 89 հոգի վիրավորվել են, իսկ 100 երկրպագուներ ձերբակալել են իրավապահներին օգնության հասած հատուկ ջոկատայինները:
Ինչպես նշում են արգենտինական լրատվամիջոցները, ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստում է եւս մեկ պատժամիջոց կիրառել «Ռիվեր Փլեյտի» հանդեպ` նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ միավորներ հանել թիմից: