Ամենաքաղցր բերքը՝ մեղրը չի իրացվում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏավուշի մարզի Ոսկեվան գյուղում ապրող Սասուն Խաչիկյանը մեղրը վաղուց քամել, պահեստավորել է, բայց տարաների քանակը չի պակասում: Ամենաքաղցր բերքը՝ մեղրը մեղվաբույծը իրացնել չի կարողանում: Տարիներ շարունակ զբաղվում է այս գործով, մեղուների մեղրատվությունից էլ դժգոհ չէ, միայն թե իրացնելն է խնդիր դարձել. գնորդ չկա: Այս պատճառով գյուղում շատերը հրաժարվել են զբաղվել մեղվաբուծությունից: Այնինչ, եթե կարողանան բերքը իրացնել կայուն գնով, մեղվապահությունից մարդիկ բարձր շահույթ կստանան, ասում է մեղվապահը:
«Էս տարի ինձ թվում է չենք կարող իրացնել: Դէ պետք է պետությունն էլ զբաղվի, արտահանում լինի», ասում է Ոսկեվանի բնակիչը:
Սասուն Խաչիկյանի խոսքով՝ Ոսկեվանում բոլոր պայմանները կան մեղվաբուծությամբ զբաղվելու համար: Տեղի բնությունը հնարավորություն է տալիս մաքուր բերք ստանալ:
«Մեղվի համար էս տարածքը լավ ա, որովհետև էն կողմն արդեն սահմանն ա, խոտը չեն հնձում: Բացի այդ առավելությունն այն է, որ ստեղ ծառերին դեղ չեն տալիս»,-ասում է մեղվապահը:
Մեղվապահն իր այս տարվա բերքից գոհ է, ասում է` մեկ փեթակից մինչև 80 կգ մեղր է քամել: Սա աննախադեպ ցուցանիշ է, միշտ չէ, որ կարելի է նման արդյունք ստանանալ: