Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թիմը լիովին պատրաստ է»

Սպորտ
ee40426b804f2ae59fab4d3229962567

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2011-12 թթ խաղարկության որակավորման 1-ին փուլի շրջանակում վաղը Հայաստանի 2010 թ փոխչեմպիոն «Բանանցը» Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Վրաստանի այս տարվա առաջնության բրոնզե մեդալակիր` Ռուստավիի «Մետալուրգին»:

Այդ առիթով այսօր մամուլի ասուլիս կազմակերպեց «Բանանցի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը: Ավաղ, ասուլիսը շատ կարճ տեւեց, քանի որ դրան մասնակցեցին 5 լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ հարցերը արագ սպառվեցին:

Ինչեւէ, Ռաֆայել Նազարյանը նշեց, որ թիմը լիովին պատրաստ է «Մետալուրգի» հետ խաղին, չնայած օրերս վնասվածք է ստացել թիմի կենտրոնական պաշտպան Յարեմա Կավացիվը:

«Հայաստանի առաջնության վերջին խաղից հետո պարզվեց, որ Կավացիվը վնասվածք է ստացել, չնայած նա մասնակցել էր ամբողջ հանդիպմանը: Բուժզննումը ցույց է տվել, որ նա չի կարող մասնակցել առաջիկա խաղին: Նրան կփոխարինի Արտաշես Առաքելյանը»:

Խոսելով նոր դարպասապահ Դմիտրի Նեպոգոդովի մասին` գլխավոր մարզիչն ասաց, որ դեռ չի կողմնորոշվել դարպասապահի հարցում:

«Մարզումների ժամանակ նա լավ տպավորություն է թողնում, սակայն դեռ չեմ կողմնորոշվել դարպասապահի հարցում: Այսօր նախատեսված մարզումից հետո նոր պարզ կդառնա, թե ովքեր կընդգրկվեն մեկնարկային կազմում»,-ասաց նա:

«Ա1+»-ի այն հարցին, թե ինչ վիճակում են գտնվում թիմի հենակետային կիսապաշտպաններ Արթուր Ոսկանյանն ու Արթուր Եդիգարյանը, որոնք փոխարինվել էին «Գանձասարի» հետ խաղին, Ռաֆայել Նազարյանը պատասխանեց.

«Արթուր Ոսկանյանը այդ օրը իրեն վատ էր զգում, այդ իսկ պատճառով ընդմիջմանը նրան փոխարինեցի: Արթուր Եդիգարյանը 75 րոպե մասնակցեց խաղին, պարզապես վերջում մի փոքր հոգնել էր: Երկուսն էլ այժմ լավ մարզավիճակում են գտնվում»:

Ռաֆայել Նազարյանի կարծիքով վաղվա խաղում թիմերի շանսերը հավասար են: «Մենք, բնականաբար, մեծ ցանկություն ունենք հաղթահարելու այս փուլը, սակայն դա շատ քիչ է վերջնական հաջողության հասնելու համար: Մենք պետք է մեր խաղով ապացուցենք, որ արժանի ենք հաղթանակի»,-ասաց նա: