Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վերնիսաժի նոր հյուրերը (տեսանյութ)

Վերնիսաժին օտարերկրացիներով չես զարմացնի, նրանք ամեն օր են այստեղ հյուրընկալվում, սակայն հիմնականում որպես գնորդ:
 
Բայց այսօր մի քիչ անսովոր մթնոլորտ է այստեղ․ օտարերկրացիները, ավելի ստույգ՝ իրանցիներն են իրենց մշակույթով, ավանդույթներով հյուընկալվել՝ իրենց ձեռքի աշխատանքներով, բազմազան քաղցրավենիքներով, երաժշտությամբ ու պարով նոր երանգ տալով հայկական Վերնիսաժին:
 
 Շիրազի, Իսպահանի և էլի մի քանի մեծ ու փոքր քաղաքների հրուշակագործները իրենց ավանդական հալվաներով, անուշեղեններով լի սեղանները բացել են ոչ միայն հայաստանցիներիս, այլև Վերնիսաժ մտնող բոլոր օտարերկրացիների առջև, որոնք առանց համտեսելու, հյուրասիրվելու չեն կարող անտարբեր անցնել:
 
Իրանական ցուցահանդես-վաճառքները նոր չեն Հայաստանում, ուղղակի այս մեկը ավելի շատ ճանաչողական է, կարելի է ասել՝ Իրանի՝ հայաստանցիներիս քիչ հայտնի բնակավայրերի մշակույթն ու ավանդույթները մեկտեղված են մի ներկապնակում. խեցեգործություն, հագուստ, արդուզարդեր, միայն իրենց մշակույթին բնորոշ գունեղ զարդանախշերով, քաղցրավենիքով լի տուփերով ու պնակներով: