«Նման կողմնակալ մրցավարություն ես չէի հանդիպել»
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը վերջերս ավարտված Եվրոպայի առաջնությունում մեր բռնցքամարտիկների թույլ ելույթները բացատրում է մրցավարների կողմնակալությամբ:
«Նման կողմնակալ մրցավարություն ես չէի հանդիպել ոչ մի խոշոր մրցաշարի ժամանակ: Մասնավորապես, 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը կիսաեզրափակիչ մարտում չնայած հարվածներով առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, բայց ի վերջո եզրային մրցավարները 1 միավորով առավելությունը տվեցին, այսպես ասաց, ռինգի տիրոջը` թուրք բռնցքամարտիկին»,-ասաց նա:
Ռաֆայել Մեհրաբյանը կարծում է, որ կողմնակալ մրցավարությունը ազդեց նաեւ մեր մարզիկների հոգեբանության վրա.
«Նրանք զգալով, որ մրցավարները պաշտպանում են մրցակիցներին, կորցնում էին հավասարակշռությունը, ուստի միավորներ վաստակելու համար հաճախ դիմում էին արգելված հնարքների, սխալներ էին թույլ տալիս»:
Ըստ գլխավոր մարզչի Անկարայում բոլորից անհաջող հանդես եկավ 64 կգ քաշային Եվրոպայի անցած տարվա չեմպիոն Հրաչիկ Ջավախյանը:
«Քառորդ եզրափակիչում նա ավելի շուտ պարտվեց Թոմաս Ստալկերին, քան վերջինս հաղթեց նրան: Ճիշտ է, Ջավախյանը մինչ այդ երկու դժվարին մարտեր էր անցկացրել եւ ինչ-որ տեղ հոգնել էր, այնուամենայնիվ, նա պետք է ի հաշիվ իր փորձի հաղթեր անգլիացի բռնցքամարտիկին»,-ասաց նա:
Ռաֆայել Մեհրաբյանը հույս ունի, որ մեր մարզիկները ճիշտ հետեւություններ կանեն եվրոպական ստուգատեսից եւ ավելի հաջող հանդես կգան այս տարվա սեպտեմբերին Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությունում: