ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը աշխարհում շախմատի կրթության և հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար ՖԻԴԵ-ի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով:
«Սմբատ Լպուտյանը հայ գրոսմայստեր է, որի առաջնորդությամբ շախմատը որպես առարկա ներդրվել է Հայաստանի դպրոցներում: Երկար տարիներ նա ղեկավարել է ՖԻԴԵ-ի Կրթական հանձնաժողովը՝ ամբողջ աշխարհում խթանելով շախմատային կրթության զարգացմանը: Այժմ, ավելի քան 25 մլն երեխա մասնակցում է շախմատի կրթական ծրագրին, և ՖԻԴԵ-ն առաջիկա տարիներին մտադիր է այդ թիվը կրկնապատկել»,- ասվում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Պարգևատրումներն իրականացվել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի շրջանակում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում:
Մրցանակները ստացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը դարձել է համաշխարհային Օլիմպիադայի եռակի հաղթող (2006թ, 2008 թ., 2012 թ.), Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնությունների ոսկե մեդալակիր (1999թ, 2011 թ.):
Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականներն այս օրերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում են շախմատի Օլիմպիադային:
Տղամարդկանց հավաքականն անցկացված 8 տուրերում հաղթել է Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), Ֆիլիպիններին (2,5:1,5), Անգլիային (2,5:1,5), պարտվել է Չինաստանին (1,5:2,5) և Հունգարիային (1,5:2,5)։ 9-րդ տուրում Հայաստանի թիմի մրցակիցը կլինի Գերմանիայի հավաքականը: Երկու թիմերն էլ ունեն 12 միավոր և բաժանում են 7-19-րդ տեղերը։
Կանանց Հայաստանի հավաքականը 9-րդ տուրում կմրցի Ուկրաինայի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 13 միավոր և ԱՄՆ-ի հետ բաժանում են 4-6-րդ տեղերը։ Կանանց Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Տրինիդադ և Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1), Չինաստանին (2,5:1,5), Մոնղոլիային (3,5:0,5) ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ (2:2), պարտվել է Հնդկաստանին (1,5:2,5):
Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ