Օրացույց․ 16-ը սեպտեմբերի․ Հրաժարական են տալիս ԱԺ եւ Վճռաբեկ դատարանի նախագահները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1997-ի սեպտեմբերի այս օրերին սեւ կատու է անցնում Պարույր Հայրիկյանի եւ նրա ամենահավատարիմ զինակից Արամազդ Զաքարյանի միջեւ։ Հայրիկյանը մի քանի օր առաջ ապտակում է պարոն Զաքարյանին լրտես կոչվելու մեղադրանքի համար։ Այդ ապտակը Հայրիկյանն անվանում է հայրական: Սեւանի կալանավայրում 1998-ի սեպտեմբերի 16-ին բացվում է կալանավորներ կառուցած «Սուրբ Սարգիս» մատուռը։ Մատուռի բացման առիթով կալանավորները երգում են, հարգում զոհված ազատամարտիկների հիշատակը։ 11 սպանություն գործած այս կալանավորը հարգում է սրբությունը:
1999-ի սեպտեմբերի 16-ին Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ Նորվեգիայի արտգործնախարար ՔնութՎոլեբեկն առայժմ կարեւոր է համարում Ղարաբաղի ճակատում հրադադարի պահպանումը։ Այսօր նա գոհ է, ուրախ է եւ մեծ հույսեր ունի։ Գոհ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացից, ուրախ է, որ իր հետ Բաքու է տանելու ադրբեջանցի երեք ռազմագերի եւ հույս ունի, որ մինչեւ ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովը Հայաստանը եւ Ադրբեջանը կվերսկսեն բանակցությունները։ Պատգամավոր Վազգեն Խաչիկյանը Հայաստանի հազարավոր ուսուցիչների անունից շնորհակալ է կառավարությանն այն բանի համար, որ վերջինս տվել է նրանց աշխատավարձերը։ Խաչիկյանը հույս ունի, որ աշխատավարձ կստանան նաեւ առողջապահության համակարգի աշխատողները՝ խոսքը 3-4 ամսվա պարտքի մասին է։ Հայ Առաքելական եկեղեցին իշխանությունից չի պահանջելու Սահմանադրության մեջ ամրագրել եկեղեցու ազգային եւ պետական նշանակությունը։
2000 թվականի այս օրն այս մասին ասում է համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկանը; Ստեփանակերտում 2000 թվականի այս օրերին դատում են Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին։ Նա մեղադրվում է Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին սպանելու փորձի համար։ Հասարակությունն առաջին անգամ ճաղերի արանքում է տեսնում Բաբայանին, իսկ նրա հարազատներին՝ ծանր վիճակում։ Իսկ 70-ամյա դատավորը հաճախ մոռանում է, թե ինչ է փաստաբանների ուզածը: Արմավիրի մարզում 2001-ի այս օրերին տրանսպորտի ցանկալի միջոց է հեծանիվը։ Զգացնել է տալիս աղքատությունը, որը, սակայն մարդկանց օգնում է կրկին հայտնագործել հեծանիվը:
2001-ի այս օրը Հայաստանի պետական մրցանակ շնորհող հանձնաժողովին է ներկայացվում մրցանակաբաշխության ներկայացված արվեստի 6 ոլորտ ներկայացնող ստեղծագործությունների անունները։ Ամեն ինչ, բնականաբար, այդքան հարթ չէ։ Զորի Բալայանն, օրինակ, եւ մրցանակի հավակնորդ է, եւ հանձնաժողովի անդամ։
Գրականագետ Սերգեյ Սարինյանը նրան անվանում է միջակ մարդ։ Զորի Բալայանից բացի հանձնաժողովում էլի կան մարդիկ, որոնք հավակնում են մրցանակի:
2001-ի այս օրը Ռուսաստանը Հայաստանին է ուղարկում 73 վագոն բեռնված 5 հազար տոննա ցորենի սերմացու։ Այս օգնությունը պետք է մեղմի երաշտի տարվա ծանր հետեւանքները ամբողջ հանրապետության տարածքում:
2008-ի այս օրը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացնում Հովհաննես Մանուկյանը։ Ոչ ոք տեղյակ չէ հրաժարականի պատճառների մասին։ Նույն օրը հրաժարական է ներկայացնում Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը։ Այսօր կայացած մամուլի ասուլիսում Տիգրան Թորոսյանը հայտնում է նաեւ, որ առավոտյան Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։
2009-ի սեպտեմբերի 16-ին Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովը հրապարակում է իր վերջնական եզրակացությունը։ Զեկույցից գոհ են հատկապես Հանրապետականը եւ Դաշնակցությունը: Նույն օրը Դաշնակցությունը շարունակում է Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջով ԱԳՆ-ի դեմ կազմակերպած նստացույցը։ Նախարարն արդեն երկու օր հիմնարկ չի ներկայանում։ Վահան Հովհաննիսյանը ծաղրում է նրա բացակայությունը: