ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին024 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում գրանցվել է ապրանքների արտահանման 2,3 անգամ աճ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումը՝ առանց ոսկու արտահանման, նվազել է շուրջ 4 տոկոսով: Ներմուծման աճը կազմել է 86,5 տոկոս, առանց վերաարտահանման ազդեցության ներմուծումը նվազել է 6,7 տոկոսով. այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2024 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:
Քննարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Ըստ զեկուցողի՝ հիմնական գործընկեր երկրներում 2024 թվականին տնտեսական աճը շարունակում է մնալ դրական տիրույթում, թեեւ որոշ երկրներում նկատվում է աճի տեմպի դանդաղում, իսկ որոշներում՝ ավելացում: Գնաճը զգալիորեն թուլացել է ԱՄՆ-ում եւ եվրագոտում, Չինաստանում առաջին եռամսյակի անփոփոխ գնաճին հաջորդել է 0,3 տոկոս գնաճ, իսկ ՌԴ-ում գնաճը շարունակում է թիրախից բարձր մնալ: Պղնձի գներն աճել են 4,5 տոկոսով, նավթի գները՝ 5,2 տոկոսով, իսկ պարենի գները նվազել են շուրջ 7 տոկոսով:
Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտին՝ Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի անկում է գրանցվել 6,1 տոկոսով, որը հիմնականում պայմանավորված է ՌԴ-ից զբոսաշրջիկների թվաքանակի 23,6 տոկոս նվազմամբ: Փոխարենը գրանցվել է զբոսաշրջիկների թվի աճ Վրաստանից, Իրանից եւ Հնդկաստանից:
Հաշվետու ժամանակահատվածում 48,3 տոկոսով անկում է ապրել դրամական փոխանցումների զուտ ներհոսքը, դրան ամենամեծ բացասական նպաստն է ունեցել ՌԴ-ից ոչ առեւտրային բնույթի դրամական փոխանցումների զուտ ներհոսքի՝ 69.4 տոկոսով նվազումը:
Հայաստանում տնտեսական ակտիվությունը շարունակվում է բավականին բարձր մնալ՝ պայմանավորված հիմնային մետաղների արտադրության կտրուկ աճի եւ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սպառման եւ տնտեսական գործունեության ազդեցություններով. առաջին կիսամյակում գրանցվել է 10,4 տոկոս տնտեսական ակտիվության աճ:
Խոսելով պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի մասին՝ Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 4,7 տոկոս եկամուտների աճ:
Պետական բյուջեի առաջին կիսամյակի ծախսերի կատարողականը կազմում է 1 տրիլիոն 233 մլրդ դրամ:
Պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ դրամային արտահայտությամբ կազմում է 4 տրիլիոն 718 մլրդ դրամ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարողականը 60,1 մլրդ դրամով կամ 5,3 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նա նշել է, որ անկանխիկ գործարքների տեսակարար կշիռն ունի էական աճ:
ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանն ընդգծել է, որ տնտեսության կառուցվածքն մեծապես ազդում է հարկատեսակների հավաքագրման վրա, ինչպես նաեւ այն էապես անդրադարձել է ֆինանսական շուկայի կառուցվածքի վրա եւ արձանագրվել է սպառողական, հիպոտեկային վարկերի աճ:
Վահե Հովհաննիսյանը, Ռուստամ Բադասյանը եւ Հասմիկ Ղահրամանյանը պատասխանել են պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով պետական պարտատոմսերի եկամտաբերությանը, գնաճին, տոկոսադրույքների փոխանցման մեխանիզմին եւ դրանց վերահսկողությանը, վերաֆինանսավորման տոկոսադրույքների սահմանմանը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է հաշվետու ժամանակահատվածում ոսկերչական արտադրանքի աճի դինամիկայով: Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ ոսկերչական իրերի արտադրությունը նվազել է անցած տարվա համեմատ, թեեւ շարունակում է բարձր նպաստ ունենալ մշակվող արդյունաբերության մեջ:
Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««ՀՀ ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին»» օրենքի նախագծի քննարկումը:
Հաջորդիվ, հանձնաժողովը սահմանել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության կազմակերպման 2024-2025 թվականների տարեկան ժամանակացույցը՝ ըստ հավելվածի: