Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են Նիկոլ Փաշինյանին
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հնչած որոշ մտքերին և հայտարարել, որ Հայաստանի վարչապետի որոշ արտահայտություններ «ցավալի են և խանգարում են կարգավորման գործընթացին»։
«Ափսոսանք է առաջացնում այն, որ օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետը հերթական անգամ մի շարք հայտարարություններ է արել, որոնք հակասում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ջանքերին»,- ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետի հայտարարությունները։
«Այն պնդումները, թե Ադրբեջանի Սահմանադրական ակտում իբր Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ կան, բացարձակապես սխալ են։ Այս հարցում Ադրբեջանի Սահմանադրության և Հայաստանի Սահմանադրության միջև զուգահեռներ անցկացնելու և հավասարություն ստեղծելու փորձն անընդունելի է: Հայաստանի այս փաստարկը չի ընդունվում որևէ միջազգային գործընկերոջ կողմից, և բոլորը գիտեն, որ դա լուրջ չէ։ Ի տարբերություն Հայաստանի Սահմանադրության, 1991թ. պետական անկախության մասին Սահմանադրական ակտում և 1918թ. Անկախության հռչակագրում, որոնց հղում է կատարվում Ադրբեջանի Սահմանադրության մեջ, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան: Իսկ այն, թե որ տարածքներն են Ադրբեջանի կազմում եղել Ադրբեջանի առաջին հանրապետության ժամանակ և երբ են դրանք ներառվել Հայաստանի կազմում, պատմական փաստեր են, և այդ փաստերը չի կարելի հերքել։ Դա ոչ մի դեպքում չի նշանակում, որ ներկայումս Ադրբեջանի օրենսդրության մեջ տարածքային պահանջներ կան Հայաստանի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։