Դառը մտքերս աշխատում եմ ստեղծարարությամբ ցրել
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Ասկերան քաղաքից է Միքայել Բադալյանը։ Պետական ագրարային համալսարանի գինեգործության բաժինն է ավարտել, սակայն պետական համակարգի աշխատանքը երբեք նրան չէր գերել։ Ընտանիքով գյուղատնտեսությամբ էին զբաղվում։ Ազատ ժամանակը լցնում էր ինքնուս արհեստով՝ ցեմենտից արձանիկներ պատրաստելով, դրանց մեջ շունչ ու հոգի դնելով։ Գինեգործությամբ ևս զբաղվում էր։
«3 հեկտար հողատարածք ունեինք, որտեղ հորս հետ բանջարաբոստանային կուլտուրաներ էինք մշակում և այգեգործությամբ զբաղվում։ Միայն 1.5 հեկտարը նռան այգին էր զբաղեցնում։ Բերքը նաև վերամշակում էինք, համագործակցում ռեստորանների, մթերային խանութների հետ։ Վերամշակմամբ մայրս էր զբաղվում, ես հիմնականում մթերքը խանութներին էի հասցնում»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Մ. Բադալյանը։ 2020 թվականից հետո, երբ Բադալյանների ընտանիքին պատկանող հողատարածքը հայտնվեց թշնամու բռնապետության տակ՝ Միքայելը սկսեց զբաղվել տարատեսակ արձանիկներ պատրաստելով։
«Իմ օրերը բովանդակային դարձնելու ու պարապությունս իմաստով լցնելու համար հետաքրքիր մտահղացումներ ծնվեցին իմ մեջ՝ տնամերձ հողամասին էսթետիկական ձևավորում տալու համար։ Նոր աշխատանքի մեջ մոտիվացնում էր նաև այն, որ երկար տարիներ սպասելուց հետո քեռի էի դարձել և ամեն անգամ զարմիկիս հյուր գալուն հեքիաթային մի բան էի ցանկանում պատրաստել»։ 2022-ին Միքայելն աշխատանքի անցավ Ասկերանի շրջանի վարչակազմի գյուղատնտեսության բաժնում։ «Մինչ այդ պետական ոչ մի հիմնարկությունում չէի աշխատել։ Ուստի այդ աշխատանքը մեծ պատվախնդրությամբ էի կատարում՝ մանավանդ, երբ մեծ պարտավորածություն ու պատասխանատվություն կար յուրաքանչյուրիս մոտ»։
Պարտադիր զինվորական ծառայություն է անցել։ Մասնակցել է 2016-ի ապրիլյան պատերազմին։ Մինչ 44-օրյա պատերազմ՝ սեպտեմբերի 26-ին էր Երևանից վերադարձել Ասկերան՝ ողնաշարի վիրահատություն էր տարել, անկողնային վիճակում էր գտնվում։ «2022-ի մարտի 25-ից Փառուխի դեպքերի ժամանակ ձևավորված աշխարհազորի կազմում իմ անձնական օգտագործման մեքենայով եմ մասնակցել։ Խնապատի ուղղությամբ էի իրականացնում հերթապահությունս։ Իսկ մեկօրյա պատերազմի ժամանակ անմիջապես ստացել եմ ինձ հասանելիք զենքն ու ասկերանցի երիտասարդների հետ պատրաստ սպասում էինք հրահանգի, ցավոք ինչպես հետո պարզվեց՝ ամեն ինչ մեր փոխարեն կանխորոշված էր»,- ասում է զրուցակիցս։ Սեպտեմբերի 25-ին են լքել Արցախը։ Մեկ օր Գորիսում մնալուց հետո հասել են Նուռնուս, որտեղ և բնակվում են մինչ օրս։ «Հայաստանում հաստատվելուց հետո պարապությունս լցնելու համար կրկին սկսել եմ արձանիկներ սարքել։ Մի որոշ ժամանակ մասնավորի մոտ գյուղատնտես-մասնագետ էի աշխատում։ Հեռավորության պատճառով չկարողացա շարունակել երկար աշխատել։ Այժմ կրկին անգործ եմ»։ Սակայն դա չի նշանակում, որ Միքայելը դադարել է հետաքրքրվել գյուղատնտեսությամբ։ Արցախից հետը սև նուռ էր բերել, որը բռնագաղթից առաջ էր առաջին բերքը տվել։ «Նուռնուսում նռան հատկները հողին պահ եմ տվել ու ստացել առաջին սածիլները։ Հույս եմ պահում, որ դրանք տնկի կդառնան և արցախյան նուռն այստեղ կաճի ու առատ բերք կտա»,- ասում է Միքայելը։ Միքայել Բադալյանը պեմենտից պատրաստված արձանիկների մոտ իրենց առանձնահատուկ տեղն ունեն էպոքսիդային սոսինձով պատրաստված իրերը։ Սա նոր ուղղություն է ստեղծարար իր աշխարհում։ Փորձում է այսկերպ լուծել նոր իրողությունների նկատմամբ հարմարվողականությունը։
Որոշակի քանակ ապահվելուց հետո նաև մտածում է վաճառքի հարցերով զբաղվել։ Միքայել Բադալյանի գեղագիտական ու ստեղծարար մտքի արգասիքն են տարատեսակ արձանիկները, հեքիաթային կերպարները։ Դառը մտքերը՝ ասում է, աշխատում է ստեղծարարությամբ ցրել։ «Այս ամենը մի կողմ՝ իմ ուշքն ու միտքը Արցախում են»,- մտազբաղ մտքերն ի մի բերելով ասում է զրուցակիցս։
Անահիտ Պետրոսյան