Բացել լրահոսը Փակել լրահոսը
7
A A
Պաշտոնական

Սփյուռքահայ մասնագետներն ավարտել են «իԳործ» ծրագրի չորրորդ շրջափուլը

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2023-2024թթ․ շրջափուլի ծրագրի մասնակիցներն ավարտեցին իրենց մեկամյա աշխատանքը:

Հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի Զարեհ Սինանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը։  

«Այսօր մենք բարի երթ ենք մաղթում «իԳործ» ծրագրի չորրորդ շրջափուլի մասնակիցներին։ 18 երկրներից ժամանած սփյուռքահայ մասնագետները մեկ տարի աշխատել են 19 պետական գերատեսչություններում՝ ծրագրեր իրականացնելով կրթության, գիտության, թվային տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Մեր ընդհանուր նպատակն է  ծառայել Հայաստանի բարօրությանը, և «իԳործ»-ն այդ նպատակի շուրջ համախմբվածության վառ օրինակն է։ Շնորհակալություն ձեր նվիրման և աշխատանքի համար: Ուրախ եմ, որ ծրագրի շրջանավարտների 80%-ը որոշում են կայացրել շարունակել իրենց կյանքը հայրենիքում։ Լիահույս եմ, որ այս մեկամյա փորձառությունը դրական առումով փոխել և դեռ կփոխի ձեր կյանքը», - նշել է Գլխավոր հանձնակատարը՝ դիմելով ծրագրի շրջանավարտներին։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ծրագրի շրջանավարտները՝ անդրադառնալով ծրագրի ընձեռած հնարավորություններին և շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին։

Նշենք, որ Հ․Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսական աջակացությամբ շրջանավարտների մի մասը կշարունակի իր գործունեությունը Հայաստանի պետական կառավարման համակարգում ևս մեկ տարով։

«իԳործ»-ը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եզակի ծրագրերից է, որն ուղղված  է սփյուռքահայ մասանգետների ներգրավմանը Հայաստանի կառավարման համակարգում։ Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին։ Այն յուրաքանչյուր տարի հնարվորություն է ընձեռում 50 սփյուռքահայ մասնագետի իր մասնագիտական ներդրումն ունենալ ՀՀ պետական կառավարման համակարգում։