Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Սեպտեմբերի 3-6-ը Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնը

Համաշխարհային 9 ճարտարապետական ստուդիաների ներկայացուցիչներ Երևանում կմասնակցեն «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնին

 

Սեպտեմբերի 3-6-ը Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնը:

Այս տարվա փառատոնին դասախոսություններով և քննարկումների շարքով հանդես կգան միջազգային ճանաչում ունեցող ինը ճարտարապետական ստուդիաների ներկայացուցիչներ, որոնց թվում՝ FALA (Պորտուգալիա), (ab)Normal (Իտալիա), WOJR (ԱՄՆ), Dinelljohansson (Շվեդիա), Bajet Giramé (Իսպանիա), Lütjens Padmanabhan (Շվեյցարիա), AMUNT (Գերմանիա), Meganom (ՌԴ) ստուդիաները և HEAD – Genève (Շվեյցարիա) համալսարանը: Միջոցառումների մուտքն ազատ է:

Փառատոնային միջոցառումները կանցկացվեն Կոմիտասի անվան կամերային տան շենքում, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում և Common Grounds հարթակում: 

Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, ժամը 16:00-ին Կամեռային երաժշտության տանը:

«Ճարտարապետությունը պարզապես միայն շենքեր նախագծելը չէ. այն յուրատեսակ գիտություն է շրջապատի հետ մեր ապրելու, մտածելակերպի և փոխազդեցության ձևավորման մասին: «Նպատակ»-ով մենք նպատակ ունենք Հայաստան բերել համաշխարհային ճարտարապետական ​​լավագույն միտքը՝ միաժամանակ աշխարհին ցույց տալով հայ տաղանդների հարուստ ներուժը: Մենք հավատում ենք, որ համագործակցության և բաց երկխոսության միջոցով մենք կարող ենք ոգեշնչել ճարտարապետների նոր սերնդին և նպաստել հայկական ճարտարապետության առաջխաղացմանը միջազգային հարթակներում»,-նշում են փառատոնի կազմակերպիչները: Նրանք ընդգծում են՝ գոհ են առաջին փառատոնի արդյունքներից և վստահ են, որ երկրորդ էլ ավելի արդյունավետ կլինի, հատկապես հաշվի առնելով նման քանակի միջազգային ստուդիաների ներկայությունը: 

«Նպատակ» կրթական նախաձեռնությունը ստեղծվել է 2021 թվականին մի խումբ ճարտարապետների կողմից։ «Նպատակ»-ի հիմնադիրներներն են Հայկ Շահինյանը, Կարեն Բերբերյանը, Արմեն Հակոբյանը և Արինե Քեշիշին: Այն հարթակ է, որի նպատակն է զարգացնել ճարտարապետական կրթությունը և խթանել հայկական ճարտարապետության, երիտասարդ տաղանդների միջազգային տեսանելիությունն ու մրցունակությունը։