Բացել լրահոսը Փակել լրահոսը
79
A A
Տնտեսություն Հասարակություն

«Հրազդան» մարզահամալիրը մասնավորեցվեց, տարածքում «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա կհիմնեն

Կառավարությունը հավանություն տվեց «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ ներկայացրած ծրագրին և որոշեց «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ուղղակի վաճառքով մասնավորեցնել։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստի ժամանակ։

Անշարժ գույքը տրամադրվեց անհատույց օգտագործման իրավունքով։

«ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան, Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող 4949,3 քառ.մետր ընդհանուր մակերեսով շենք, շինություններն ու 444,5 գծամետր պարիսպը և 6664 քառ.մետր մակերեսով ֆուտբոլի դաշտը հետ կվերցվի ՀՀ ԿԳՄՍՆ «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ–ից և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲԸ–ից»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված գույքի շուկայական արժեքը գնահատված է 3 մլրդ 771 մլն 900 հազար դրամ։ Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել է 3 մլրդ 036 լն 932.7 հազար դրամ։

Այս գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

Այս տարածքում նախատեսվում է հիմնել «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա։ Անհատույց օգտագործման իրավունքով Երևան, Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող տարածքը կտրամադրվի 25 տարի ժամկետով և շահագործման կհանձնվի «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ–ին (գտնվելու վայրը՝ Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի փող., 34 շ.):

Ընկերությունը պարտավոր է 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ։

ՀՀ կառավարության առաջարկությամբ Երևանի քաղաքապետը կաջակցի ՍՊԸ–ի կողմից իրականացվելիք շինարարական աշխատանքների գործընթացում: