Կառավարությունը սահմանել է ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների արտադրության, ֆինանսավորման կարգ
Աջակցիր «Ա1+»-ին«Նախագծի մշակումը պայմանավորված է ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգի մշակման համար իրավական հիմք ստեղծելու անհրաժեշտությամբ, որով կսահմանվեն այս իրավահարաբերությունները կարգավորող դրույթներ։ Տեղեկացնեմ, որ այս աշխատանքն այսօր էլ իրականացվում է, սակայն այն արվում է մի կողմից ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի, մյուս կողմից մասնավոր հատվածի ռազմարդյունաբերողների միջև բանավոր աշխատանքի միջոցով։ Աշխատանքի մեջ որոշակի տարընկալումներից խուսափելու նպատակով ցանկանում ենք ստեղծել ինստիտուցիոնալ հենք, մշակել համապատասխան կարգեր, որոնցով ռազմարդյունաբերողները կառաջնորդվեն։ Նրանք հստակ պատկերացումներ կունենան գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համար դիմելու հայտերը ինչպես են ձևավորվում, ֆինանսավորվում և կատարվում»,- ընդգծեց Հայրապետյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ կարգի մշակմամբ՝ ի տարբերություն գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ), պետության համար հնարավորություն կստեղծվի առանց գիտական մասի ֆինանսավորման հետ կապված ռիսկերի ձեռք բերել արտադրանք, որի գիտական մասը նախօրոք մշակված է, և արդյունքը պատրաստ է արտադրության։
«Ռազմարդյունաբերության կոմիտեն ունի երկու հիմնական գործիք ռազմարդյունաբերության զարգացումը խթանելու համար։ Առաջինը ԳՀՓԿԱ-ի աշխատանքներն են, որոնցով շուրջ 4,5 միլիարդ դրամի ֆոնդ ունենք հատկացված, երկրորդը փորձանմուշների արտադրության կամ ֆինանսավորման համար շուրջ 1,5 միլիարդ դրամ բյուջեն է։
Մենք առաջարկում ենք համապատասխան օրենքում համապատասխան փոփոխություններով մի քանի խնդիր լուծել։
ԳՀՓԿԱ աշխատանքներին դիմող ռազմարդյունաբերական ընկերությունները այդ ծրագրից օգտվելու համար ստիպված են անցնել որոշ փուլեր։ Եթե կա պրոդուկտ ստեղծելու գաղափար, հիմնարար հետազոտությունից մինչև փորձանմուշների արտադրություն և պրոտոտիպից մինչև պետական փորձարկում ողջ շղթան ընկերությունները պարտավոր են անցնել, հակառակ դեպքում չեն կարող որևէ ծրագրից օգտվել, որն առաջարկում է Ռազմարդյունաբերության կոմիտեն։
Եթե արդեն իսկ արվել են հետազոտություններ, և տվյալ ընկերությունն ունի փորձանմուշների հատվածից օգտվելու անհրաժեշտություն, առաջարկում ենք օրենքով տալ այդ հնարավորությունը և համապատասխան կարգերի ներդրման պարագայում ստեղծել հնարավորություն բոլոր այն ընկերությունների համար, որոնք հետազոտության բաղադրիչից չեն ցանկանում օգտվել, սակայն արդեն իսկ պրոդուկտի վերածման փուլում համապատասխան ֆինանսավորման անհրաժեշտություն ունեն, կարողանան այդ 4,5 միլիարդ դրամի բյուջեից օգտվել։ Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ հաճախ կատարողականի ցածր լինելը և այն միջոցները, որոնք հատկացված են ԳՀՓԿԱ մասով, չեն ծախսվում ամբողջությամբ, որովհետև շատ հաճախ ընկերությունների մի մասը անհրաժեշտություն չի ունենում գիտական կտորից օգտվելու։ Ուզում ենք ճկունացնել այս համակարգը։
Անգամ եթե ընկերությունը թե՛ գիտահետազոտական մասը, թե՛ փորձակոնստրուկտորական աշխատանքները կատարել է, պետական փորձարկումների ժամանակ հաճախ անհրաժեշտ են լինում ավելի մեծ թվով և քանակով փորձանշումներ։ ԳՀՓԿԱ-ի բյուջեն այդ հնարավորությունը չի տվել, դրա համար 1,5 միլիարդ դրամի բյուջե է հաստատվել, որը, ցավոք, չենք կարողացել մինչ այսօր ծախսել, որովհետև իրավական և օրենսդրական ամբողջ դաշտը դրա հնարավորությունը չի տվել։
Առաջարկում ենք օրենքում համապատասխան փոփոխությունների և համապատասխան կարգերի ներդրման միջոցով խաղի կանոններ սահմանել և տալ հնարավորություն ծախսելու այդ բյուջեն՝ ֆինանսավորելով համապատասխան քանակի փորձանմուշներ»,- նշեց Հայրապետյանը։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է ՀՀ Կառավարության համար սահմանել «Ռազմական ապրանքի լրամասերի և բաղադրիչների ձեռքբերման ու պահուստավորման կարգ» հաստատելու մասին դրույթ։
«Կարգի մշակմամբ հնարավոր կլինի ապահովել պետությանը ռազմական կարիքների համար մշակվող, արտադրվող արտադրանքի համար անհրաժեշտ լրամասերով, բաղադրիչներով, ինչը թույլ կտա արտակարգ իրավիճակներում՝ երրորդ երկրներից ներկրման անհնարինության դեպքում, որոշակի ժամանակահատվածի համար ապահովել մշակման և արտադրության գործընթացների անընդհատությունը»,- եզրափակեց Մխիթար Հայրապետյանը։