Արթուր Աբրահամը օգնում է իր դպրոցին (տեսանյութ)
Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը 100 հազար եվրո գումար է հատկացրել Վլադիմիր Ենգիբարյանի անվան պատանի բռնցքամարտիկների դպրոցին:
«Ես 4 տարի մարզվել եմ այդ դպրոցում, ուստի իմ պարտքն եմ համարում նյութական օգնություն ցույց տալ դպրոցի աշակերտներին: Ես գնել եմ տարբեր մարզագույքեր` սկսած տանձիկներից, վերջացրած ատամերի պաշտպանիչներից: Դրանք շուտով կհասնեն Հայաստան եւ առաջիկա երեքշաբթի կբաժանվի դպրոցի սաներին»:
Արթուր Աբրահամը մտածում է նաեւ ստեղծել բռնցքամարտի իր մարզադպրոցը: «Երբ ավարտեմ ելույթներս ռինգում, մտադիր եմ Երեւանում ստեղծել նոր տիպի մարզադպրոց, որտեղ երեխաները կզբաղվեն բռնցքամարտով, ինչպես նաեւ խորացված կսովորեն անգլերեն եւ գերմաներեն լեզուներ, որոնք շատ է պետք գալիս արտասահմանյան մրցումների ժամանակ»:
Աշխարհի նախկին չեմպիոնը կարծում է, որ Հայաստանում կան խոստումնալից երիտասարդ բռնցքամարտիկներ, պարզապես հարկավոր է պայմաններ ստեղծել նրանց առաջընթացը ապահովելու համար: «Մեր բռնցքամարտիկները որքան շատ մասնակցեն միջազգային մրցաշարերի, այնքան շատ փորձ ձեռք կբերեն եւ ավելի հաջող հանդես կգան պաշտոնական մրցումներում»:
Խոսելով առաջիկա անելիքների մասին` Արթուր Աբրահամը ասաց, որ մեկ ամիս կհանգստանա Հայաստանում, ապա կմեկնի Գերմանիա եւ կպատրաստվի առաջիկա մրցամարտերին: «Այս տարի մտադիր եմ անցկացնել 2-3 որակավորման մարտեր, որպեսզի կրկին իրավունք ստանամ պայքարելու չեմպիոնական գոտու համար: Դրանք հաջող անցկացնելու դեպքում 2012 թվականի երկրորդ կեսում արդեն կարող եմ ձեռնոց նետել աշխարհի գործող չեմպիոնին»: