Բալակը հրաժարվել է խաղալ հավաքականում
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Միխայել Բալակը հրաժարվել է մասնակցել առաջիկա օգոստոսին նախատեսված Բրազիլիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: Բանն այն է, որ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան այդ հանդիպմանը ցանկանում է կազմակերպել թիմի նախկին ավագի հրաժեշտի խաղը:
Միխայել Բալակը մտադիր չէ ավարտել ելույթները հավաքականում: Դրա համար անվանի ֆուտբոլիստը լուրջ պատճառ ունի, քանի որ նա մոտ է հավաքականում 100-րդ հոբելյանական խաղն անցկացնելուն (ներկայումս նրա անվան դիմաց գրանցված է 98 հանդիպում):
Սակայն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը այսօր հայտարարել է, որ մտադիր չի թիմ հրավիրել Բալակին: «Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Եվրոպայի 2012 թ առաջնության մեկնարկից մեկ տարի առաջ ես արդեն կողմնորոշվել եմ Միխայելի հարցում: Կարծում եմ, որ նա ճիշտ կըմբռնի ինձ: Վերջին ամիսները ցույց տվեցին, որ մենք ունենք խոստումնալից երիտասարդ խաղացողներ, որոնք բավականին մեծացրել են հավաքականի ներուժը»: