Մեր թենիսիստները շարունակում են պայքարը
Հայաստանի պատանի թենիսիստներն այս օրերին մասնակցում են մի քանի միջազգային մրցաշարերի:
17-ամյա Անի Ամիրաղյանը Խարկովում անցկացվող աղջիկների մրցաշարում հաղթահարելով որակավորման արգելքները, մտավ հիմնական փուլ: Այստեղ նա սկզբում 6։3, 6։3 հաշվով հաղթեց Յուլիա Լիսային (Ուկրաինա), սակայն երկրորդ փուլում զիջեց ռուսաստանցի Յանա Բուչինային` 6։3, 4։6, 3։6։
Զուգախաղերում Անի Ամիրաղյանը ռուսաստանցի Վարվարա Ֆլինկի հետ չկարողացավ հաղթել Օլգա Յանչուկ - Վիկտորիա Լուշկովա ուկրաինական զույգին` 3:6, 1:6:
Թբիլիսիի միջազգային պատանեկան մրցաշարում մեր հանրապետությունից մասնակցում են 14 թենիսիստ-թենիսիստուհիներ:
14 տարեկան աղջիկների մրցումներում համեմատաբար հաջող հանդես եկավ Արեւիկ Թումանյանը: Նա առաջին խաղում հաղթեց վրացուհի Նատալիա Սիմոնիշվիլուն` 6:0, 6:1, սակայն երկրորդ փուլում պարտվեց ռուսաստանցի Անստասիա Բլուխտերովային` 2:4, 2:6:
Ի դեպ, զուգախաղերում մեր թենիսիստուհի Կարինե Թությանը հանդես կգա Թուրքիայի ներկայացուցիչ Օյկու Բոզի հետ:
Այս տարիքային թենիսիստների մրցումներում առայժմ հաջող է հանդես գալիս Արշակ Ղազարյանը, որը մտել է երրորդ փուլ, որտեղ կհանդիպի բելառուսցի Անտոն Բանդարիկի հետ:
16 տարեկան թենիսիստուհիների մրցումներում Սեդա Վարդանյանը առաջին փուլից հետո դուրս մնաց պայքարից: Տղաների մրցաշարում Սուրեն Բաղդասարյանն ու Միքայել Ավետիսյանը հաջող են սկսել ելույթները եւ մտել են երկրորդ փուլ, իսկ ահա Կարո Փամբուկյանը պարտվեց ադրբեջանցի մրցակցին: