Հայաստանի մրցակիցը կպայքարի մինչեւ վերջ
Սլովակիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը գնահատելով Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական 2-րդ խմբում ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ դժվար է որեւէ կանխագուշակություն անել:
«Խումբը շատ հավասար եւ դժվար հաղթահարելի է: Երեք թիմեր ունեն 13-ական միավոր: Մենք պարտվել ենք միայն Հայաստանի ընտրանուն, որը հրաշալի ֆուտբոլ ցուցադրեց մեր հետ խաղում: Կարծում եմ, որ հաղթողը հայտնի կդառնա վերջին տուրից հետո, այնպես որ, մեզ բարդ խաղեր են սպասվում բոլոր թիմերին»:
Վլադիմիր Վայսը, այնուամենայնիվ, խմբի ֆավորիտներ է համարում Ռուսաստանի եւ Իռլանդիայի ազգային թիմերին. «Մենք, չնայած փոքր երկիր ենք, բայց բոլորը սպասում են, որ կմտնենք եզրափակիչ փուլ, քանի որ անցած տարի հանդես ենք եկել աշխարհի առաջնությունում: Սակայն Ռուսաստանի եւ Իռլանդիայի համեմատ մենք շատ ենթակառուցվածքային հիմնահարցեր ունենք, ավելի քիչ ֆինանսական հնարավորություններ ունենք»:
Սլովակցի մասնագետը հավատում է իր թիմին եւ հույս ունի նվաճել Եվրո-2012-ի ուղեգրերից մեկը. «Մենք ունենք լավ խաղացողներ, որոնք արդեն ապացուցել են, որ ի վիճակի են լուծել բարդ խնդիրներ: Մենք կպայքարենք մինչեւ վերջին խաղը եւ վայրկյանը»: