Օրացույց․ 23-ը հուլիսի․ Նյութաբանության գիտաարտադրության ինստիտուտը հրաման է ստանում 10 օրում ազատել շենքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1998-ի հուլիսի 23-ին Մոսկվայից ժամանած Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների անդամ Բորիս Հայրապետյանը հայ կինեմատոգրաֆիստներին կոչ է անում պետությունից փող չուզել. «Մշակեք բիզնես ծրագիր եւ դրանով պետության հետ մտեք գործընկերային հարաբերությունների մեջ»։
Նույն օրը նախագահական ապարատում Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանին, որին Երեւանի քաղաքապետարանը նոր ավան կառուցելու համար հող է տվել։ Հովնանյանն ուրախ է, որ նոր թոռնիկ է ունեցել 100 հեկտարանոց հողատարածքի տեսքով։ Հայտնի է, որ ներդրվելու է 100 միլիոն դոլար, ավանի կառուցման վրա աշխատելու է 20 հազար մարդ։ Ենթադրվում է, որ բնակիչները հիմնականում կլինեն սփյուռքահայ. «Ամերիկայի մեջը դրված է, որ ընդհանրապես երկու-երեք տուն կունենա մարդ՝ մեկը ամառային, մեկը ձմեռային»։
1999-ի այս օրերին Հայաստանում թանկացել է բենզինը եւ բազմաթիվ բենզակայաններ վառելիքի այդ տեսակից չեն վաճառում ։ Երեկոյան ժամերին 20 լիտրը 5 հազար դրամով վաճառվող բենզինը դառնում է 10-ից 12 հազար։ «Հայնավթ» ասոցիացիայի փոխնախագահ եւ բենզինի խոշորագույն ներկրորղ Միխայիլ Բաղդասարովը բենզինի գնի բարձրացումը պատճառաբանում է Սեւ ծովում եղանակի կտրուկ վատացումով։ Դա սակայն չի ազդել միջքաղաքային եւ երթուղային ուղեվարձի վրա «Մենք մեր գինը չենք փոխել, որպեսզի ուղեւորները չփախնեն ստեղից։ Սա միշտ էլ եղել ա, միշտ էլ ամեն տարի էս ձեւի ինչ-որ կրիզիս եղել ա»։
Հայաստանի նյութաբանության գիտաարտադրության ինստիտուտը 1999-ի հուլիսի 23-ին հրաման է ստանում 10 օրում ազատել շենքը ։ Մարդիկ դժգոհում են, բայց հնազանդ կատարում առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հայկ Գեւորգյանի հրահանգը։ Մի քանի ամիս առաջ էլ այդ ինստիտուտի կողքի մեկ այլ ինստիտուտի շենք էին ազատել աշխատողներից «Էսպիսի խոսակցություն կա՝ ով առել ա էս կողքի շենքը համապատասխան, ասում են, կաշառք էլ տվել ա ինչ-որ իշխանություններին, թե որտեղ, որ էս շենքն էլ առնի եւ էդ պատճառով մեզ ժամանակավոր հանում են ստեղից, որ էս կողքի առնողին տան»։ Ռուսաստանցի գործարար, մեկ անգամ արդեն դատապարտված Արկադի Վարդանյանը որոշել է տեր կանգնել Հայաստանին Ինքը մտադիր է համախմբել երկրում մնացած առողջ ուժերը եւ ստեղծել մտավորական վերնախավ, որն էլ պիտի վերցնի քաղաքական իշխանությունը։ Ինքը նրանց մեջ է. «Ինձ հետ միասին են մի քանի տասնյակ շատ հարգարժան, կյանքով ստուգված անձնավորություններ»։ Կոալիցիոն կառավարության անդամ Դաշնակցությունը 2008-ի հուլիսի 23-ին դժգոհում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած արմատական ընդդիմությունը մերժում է իշխանությունների հետ երկխոսությունը։ Առաջին նախագահը պահանջում է ազատ արձակել նախագահի ընտրություններից հետո ձերբակալված քաղբանտարկյալներին, մինչդեռ Դաշնակցությունը վիճարկում է քաղբանտարկյալ բառը։ «Կան հոդվածներ, որոնք, ի վերջո, իրենց մեջ մոտիվացիայի իմաստով քաղաքական երանգավորում ունեն: Չնայած այդ հոդվածները Քրեական օրենսգրքի մեջ են», - ասում է Արմեն Ռուստամյանը: Նույն օրը լրագրողները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվում են՝ այդքան դժվա՞ր է բացահայտել մարտի 1-ը։ «Ոչ,-ասում է նախարարը,-բայց այդ հարցով ես չեմ զբաղվում»։ Սեյրան Օհանյանը մարտի 1-ին, երբ մայրաքաղաք էին բերվել նաեւ բանակային զորքեր, Հայաստանի զինված ուժերի շտաբի պետն էր։
2010-ի հուլիսի 23-ին «Ժառանգություն» կուսակցությունն զգում է, որ իշխանությունն ուր որ է փոխվելու է ։ Իշխանության վարքն է այդպես թելադրում։ Րաֆֆի Հովհաննիսյանը, որի կարծիքով Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի կին, չի բացառում, որ ինքն էլ իր թեկնածությունը կառաջադրի «Մենք պետք է կարողանանք այդ եղանակը գտնել, որ այս անգամ հասարակությունը ունենա ընդդիմադիր իր թեկնածուն»։
2012-ի առաջին կիսամյակում էկոնոմիկայի նախարարությունը 7 տոկոս տնտեսական աճ է արձանագրել։ Նախարար Տիգրան Դավթյանը հույս ունի, որ դինամիկան կպահպանվի եւ նոր ձեռնարկություններ կգործեն արդեն արտոնություններով. «Դա եւ հարկային ռեժիմներիի տրամադրումն է, դա առանձնահատոկ մաքսային ռեժիմի տրամադրումն է, դա անմիջական վարկավորման մեխանիզմներն են»։