Բացել լրահոսը Փակել լրահոսը
d8c81e75-48f1-4a5b-b426-3b4e04ab3ab1
A A
Թեմա Հասարակություն

«Պետության կողմից տրամադրվող աջակցությանը գումար ենք ավելացնում, բնակվարձ տալիս»․ պատերազմում զոհված մայորի այրին աշխատանք է փնտրում

44-օրյա պատերազմում զոհված մայոր Արմեն Աղաջանյանի այրին՝ Մերի Աղաջանյանը, 3 որդիների հետ վերջերս հաստատվել է Երևանում, սակայն բնակարանի խնդիր ունեն՝ պետության կողմից տրամադրվող աջակցությանը գումար են ավելացնում՝ բնակվարձ տալիս։ Մերին աշխատանք չունի՝ փնտրում է․․․

Մինչև 2020 թվականի աշնանային պատերազմը Մերի Աղաջանյանն աշխատում էր Կաշենի ոսկու հանքում՝ որպես խոհարար։

«Ամուսինս պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է ծառայությունը պաշտպանության բանակում՝ ծառայելով Արցախի տարբեր զորամասերում։ Մարտակերտում էր ծառայում, որտեղ էլ ծանոթացել և ամուսնացել ենք։ Դժվարություններ շատ ենք ունեցել, ամենամտահոգիչը բնակարանային խնդիրն էր։ Տասնյակ տարիների մեր երազանքն իրականացավ մեր ամուսնության 14-րդ տարում, վերջապես մենք էլ բնակարան ստացանք, սակայն երկար վայելել չկարողացանք»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Արմեն Աղաջանյանի այրին։

Ամուսնու զոհվելուց մեկ տարի անց ընտանիքի անդրանիկ որդին հասավ զորակոչիկի տարիքի։
«Արենս ծառայության անցավ այն նույն զորամասում, որտեղ տարիներ շարունակ ծառայում էր հայրը։ Որոշ ժամանակ ոսկու հանքում աշխատելուց հետո փոխեցի աշխատանքս և ծառայության անցա նույն զորամասում»։

2022-ին միջնեկ որդին՝ Կարենը, զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության։

Ընտանիքի երեք անդամները նույն զորամասում էին, որտեղ տասնյակ տարիներ ծառայում էր Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր,  տանկիստ Արմեն Աղաջանյանը։

«Այդպես էլ ապրում էինք՝ աստիճանաբար հարմարվելով կյանքի թելադրած նոր պայմաններին, իրողություններին, սփոփանք գտնելով ծառայության մեջ։ Ընտանիքով ամուսնուս կիսատ թողած գործն էինք շարունակում։ Մտքի ծայրով անգամ չէի անցկացնում, որ մի օր կարող ենք ստիպված լինել լքել մեր ծննդավայրը, մեր նախնիների հողն ու ջուրը։ Ամենասարսափելին կրկին թանկ կյանքեր խլած պատերազմն էր, բենզինի պահեստի պայթյունին զոհ գնացած տղաները, որոնցից շատերը հրաշքով փրկվել էին թշնամու շրջափակումից»,-ասում է տիկին Աղաջանյանը։

Ամուսնուն ծննդավայր Ասկերանի եղբայրական գերեզմանոցում են հուղարկավորել։

«Բռնագաղթից առաջ հասցրել ենք գոնե վերջին անգամ այցելել ամուսնուս շիրիմին։ Նրան կորցնելուց հետո մեր մեջ սփոփանք ենք գտել նրա վաստակին արժանի շիրմաքար տեղադրելու մեջ նաև։ Արմենս ժպտերես էր, նրա ծիծաղկոտ աչքերից բարություն էր թափվում, ու հենց այդ հայացքն էլ դաջվեց գրանիտե սառը քարին, որի հետևի մասում վճռել եմ, որ մեր համատեղ լուսանկարն է նաև լինելու»,- ասում է Մերին։ Իրեն փորձում է սփոփել այն մտքով, որ իր ներկայությունը սիրելիի կողքին հավերժացրել է։

«Ամեն անգամ, երբ խոսում են, որ մեր սրբությունները թշնամին ավիրում է՝ սիրտս ճմլվում է, տեղս չեմ գտնում»։

Հայաստանում նրա ընտանիքին ամուսնու ընկերն է օթևան տվել՝ սատարել՝ ինչով կարողացել է։ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում էին ապրում։

«Հայաստանում հաստատվելուց հետո երկու որդիներս զորացրվել են։ Մի քանի ամսվա ընթացքում ավագ որդիս՝ Արենը, որ Ստեփանակերտի Գ.Նարեկացի համալսարանի ուսանող էր, յուրացրել է վարսահարդարի մասնագիտությունը և աշխատանքի անցել գյուղում։ Ես էլ աշխատում էի խանութներից մեկում, որպես վաճառողուհի։ Կրտսեր որդիս՝ Նարեկը 10-րդ դասարանում էր սովորում, այստեղ ուսումը չշարունակեց»։

Այժմ Երևանում են հաստատվել, քանի որ տղաների համար մայրաքաղաքում ավելի հեշտ է աշխատանք գտնելը։

«Արենս աշխատանքի է անցել այն նույն գեղեցկության սրահում, որտեղ ուսումնառություն է անցել։ Կրտսեր որդիս՝ Նարեկն աշխատում է խանութում։ Կարենն ու ես դեռ աշխատանքի փնտրտուքի մեջ ենք։ Դիմել եմ մոտակայքի սուպերմարկետներից մեկին, սպասում եմ, գուցե ինձ համար էլ մի աշխատանք կգտնվի։ Այս պահին դժվարությամբ ենք ծայրը ծայրին հասցնում, սակայն ժամանակի հետ, կարծում եմ, կկարողանանք ոտքի կանգնել։ Կարևորը տղաներիս մոտ աշխատելու, ստեղծելու ցանկություն և կարողություն կա, մնացածը, կարծում եմ, ժամանակի հարց է»։

Մերիին անհանգստանում է բնակարան չունենալու խնդիրը․

«Գործարկման դրված բնակարանային ապահովման ծրագրին դեմ եմ, քանի որ այն միանշանակ փոխհատուցում չէ։ Իմ ընտանիքն աճող ընտանիք է, իսկ տրամադրվող չնչին գումարով նույնիսկ սահմանամերձ գյուղերում տուն գնել հնարավոր չի։ Գյուղերում աշխատանք չկա, իսկ գյուղատնտեսությամբ զբաղվելն ամեն մարդու բան չի։ Ուստի լավ կլիներ, որ այդ ծրագիրը վերանայեին, գոնե մեզ մեր ունեցածի կեսի չափով ապահովեին։ Եթե բնակարանի վարձ չտանք և ունենանք աշխատանք, կկարողանանք մեր գլուխները պահենք։ Հիմա աշխատում ենք, բնակվարձ տալիս»։

Ասում է՝ էլ երազանքներ չի պահում։ Անում է հնարավորը՝ հանուն տղաների ապագայի։ Նրանց երջանիկ տեսնելու համար պատրաստ է ամեն ինչի։

«Գուցե կգա ժամանակ, երբ մայր հայրենիքից էլ արտագաղթելու ընտրության փաստի առաջ կկանգնենք, առայժմ աշխատում ենք չմտածել այդ ուղղությամբ։ Սակայն ինձ համար կարևորը որդիներիս բարեկեցիկ ապագան է, նրանց հայրը հանուն նրանց ապագայի է կռիվ տվել։ 
Միակ երազանքս կրկին Արցախ՝ մեր տները վերադառնալն է։ Ու այն իրականություն դարձնելու միակ հույսս ու ապավենս Աստված է, ում աղոթում եմ զօրուգիշեր»,- ասում է նա։

Անահիտ Պետրոսյան

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։