Հայոց դրոշի օրն է
Կարմիր, կապույտ, նարնջագույն... Հայաստանի հանրապետության դրոշի գույները, որոնք, ինչպես պարզվեց «Ա1+»-ի հարցման ժամանակ, ոչ բոլորը գիտեն:
Հարցվածներից ոչ ոք չգիտեր, որ այսօր հունիսի 15-ին նշվում է Հայաստանի պետական խորհրդանշանների, այսինքն` դրոշի, հիմնի և զինանշանի օրն է:
«Կապույտ գույնը երկինքն է, կարմիրը հայերի թափված արյունն է, ծիրանագույնն էլ ծիրանի գույնն է»,- նշեց հարցվածներից երիտասարդ մի աղջիկ, սակայն հիշել հերթականությունը այդպես էլ չկարողացավ. «Կարմիր...չէ, ծիրանագույն, կարմիր, կապույտ, կամ հակառակը` կապույտ, կարմիր, ծիրանագույն»:
«Կարմիր արյան արդյունքով ձեռք բերված կապույտ երկինք-խաղաղություն, իսկ ծիրանագույնն էլ աշխատանքի նշանն է»,- ավելացրեց մի երիտասարդ, ով Լեհաստանում է ապրել մեկ տարի, և տան պատին Հայաստանի դրոշն է փակցրած եղել:
«Դրոշը լավն է, սիրում եմ, բայց հիմնը կարող էր ավելի լավը լինել. օրինակ Ռուսաստանի հիմնն ինձ ավելի է դուր գալիս»,- նշեց հարցվածներից մեկը:
Նույն կարծիքին է նաև մեկ այլ քաղաքացի. «Եթե Կոմիտասի հիմնը լիներ, ես շատ ուրախ կլինեի: Բայց, քանի որ այդ ոչ բարենպաստ երաժշտությունն է, ես վատ եմ զգում ինձ»:
«Քննարկում պետական խորհրդանիշների շուրջ» թեմայով այսօր կլոր սեղան է կազմակերպել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը «Կենաց տուն» մշակութային ՀԿ-ում:
«Հիմնի բառերը հայերեն են, հայերեն պետք է լինի նաև երաժշտությունը: Դա հայկական չէ, եվրոպական, մանկապարտեզի երգ է երևի»,- հայտնեց իր կարծիքը քննարկման կազմակերպիչ կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը:
Ի դեպ, 1991թ. մայիսի 28-ին Երևանի հրապարակում հնչել է Արթուր Շահնազարյանի առաջարկած հիմնը. Դանիել Վարուժանի բառերով և Մովսես Խորենացու երաժշտությամբ:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչու են մեր նախնիները ստեղծել հենց այս խորհրդանիշները, քանի որ նրանք ունեցել են հստակ պատասխաներ, իսկ մեզ հասել է միայն արդյունքը»,- նշեց քննարկման մասնակից, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:
Իսկ «Կենաց տուն» ՀԿ-ի ներկայացուցիչ, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Լալա Մնեյանը համոզված է, որ մենք պարզապես հեռացել ենք հայ մշակույթից, լեզվից և չգիտենք անգամ` ինչ գույն է ծիրանագույնը. «Ծիրանագույնը, ծիրանին ոչ թե ծիրանի գույնն է կամ ոսկեգույնը, այլ մանուշակագույնը: Նրանք, ովքեր կասկածում են, Մատենադարանի ձեռագրերում կամ պարզապես բառարանում կարող են գտնել պատասխանը»: