Օրացույց․ 16-ը հուլիսի.Վանո Սիրադեղյանը տեսնում էր ՀՀ եւ ԼՂՀ միջազգային մեկուսացումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1998-ի հուլիսի 16-ին ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանն արդեն տեսնում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջազգային մեկուսացումը։ Պատճառը նախագահի ընտրություններում ՀՀՇ-ի պաշտպանած Ռոբերտ Քոչարյանի իշխանության ներքին եւ արտաքին քաղաքականությունն է։
1999-ի այս օրը Ժնեւում Հեյդար Ալիեւի հետ հանդիպումից հետո Հայաստան է վերադառնում նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ինքը գոհ է հանդիպումից, բայց եթե որեւէ մեկը կարծում է, թե Ղարաբաղի կոնֆլիկտը մեկ-երկու հանդիպումով կլուծվի, սխալվում է։ Իրենք պայմանավորվել են որոշ հարցերի շուրջ մտածել;
2000-ի այս օրը սպասվում էր, որ կառավարությունը կքննարկի էներգետիկ բաշխիչ ցանցերը մասնավորեցնելու մասին օրենքի նախագիծը։ Այդ նախագիծը կքննարկի նաեւ Ազգային Ժողովը, որը փաստորեն մասնակից է դառնալու սեփականաշնորհման սկզբունքների ձեւավորմանն ու ձեւակերպմանը։ Սակայն բացառված չէ, որ սեփականաշնորհման ձգձգումը խրտնեցնի մրցույթին մասնակցող 4 կազմակերպություններին:
Հայոց աշխարհի կանանցով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ 2000 թվականի այս օրը մտադիր են Ազատությաբն հրապարակից շարժվել Բաղրամյան 26 եւ Ռոբերտ Քոչարյանին տեղյակ պահել, թե ինչքան վատ բան է ընտանիքի պլանավորումը։Նրանք պլանավորման մասին գովազդից են գլխի ընկել, որ դա վատ բան է՝ եթե գովազդվում է, ուրեմն վատն է։ Ցուցարարներին զայրացրել է հատկապես կանանց բաժանվող հակաբեղմնավորիչ դեղահաբերըը, որոնք, ըստ նրանց բթացնող հատկություն ունեն։ Ահա ինչու կանայք այսօր հրապարակում քիչ են։ Ու քանի որ հրապարակում կանանց թիվը չի ավելանում, որոշվում է՝ Ռոբերտ Քոչարյանին հակաբեղմնավորիչների մասին տեղյակ պահել մեկ ուրիշ անգամ:
2001-ի հուլիսի 16-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում Ազգային Ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը զեկուցում է, որ միայն այս կես տարում Հայաստանում փակվել է մոտ 7500 փոքր եւ միջին ձեռնարկություն, գործազուրկ է դարձել մոտ 70 հազար քաղաքացի, նույն կես տարում երկրից հեռացել է մոտ 240 հազար քաղաքացի։ Պեմզաշենցիները պետք է մի քիչ էլ դիմանան՝ չարի վերջը գալիս է, բարին տեղ է հասնում:
2001-ի հուլիսի սկզբին կենսաթոշակային տարիքի հասնելու պատճառով Արմեն Խաչատրյանն աշխատանքից ազատում է Ազգային Ժողովի իրավաբանական վարչության պետ Վլադիմիր Նազարյանին ։Տիգրան Թորոսյանն ակնարկում է, թե իրականում ինչու է ազատվել Վլադիմիր Նազարյանը։
2003-ի այս օրը պարզվում է, որ անհետացել է Հայաստանում Թուրքմենիայի դեսպան Թոյլի Կուրբանովը։ Հայաստանի անվտանգության ծառայության՝ անանուն մնալ ցանկացած ներկայացուցիչը ասել է, որ Թոյլի Կուրբանովը իր ընտանիքի հետ միասին անհետացել է երեք-չորս օր առաջ եւ այլեւս Հայաստանում չէ: Անանուն մնալ ցանկացած բարձրաստիճան հայ դիվանագետի խոսքերով, Կուրբանովը գտնվում է Միացյալ Նահանգներում:
2008-ի այս օրը Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ մարտի 1-2-ի իրադարձությունների հետաքննության շրջանակներում իրավապահների կողմից մեղադրանք պետք է առաջադրվի միայն այն անձանց, ովքեր մասնակցություն են ունեցել բռնարարքներին:
2009-ի հուլիսի 16-ին ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պարզաբանում է, թե ինչու է իր կուսակցությունը Ղարաբաղի հարցի ոչ բարենպաստ զարգացումների պատճառով պահանջում ոչ թե Սերժ Սարգսյանի , այլ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը:
2012-ի հուլիսի 14-ին Հայ Ազգային Կոնգրես խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը համարում է ընդդիմադիր։ Ուրիշ տարբերակ էլ չկա՝ իշխանությունում պաշտոններ չունեն, սակայն հարց է, թե ԲՀԿ-ով կարո՞ղ են նախաձեռնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացը: