Ջերմուկում կմեկնարկի Ասրյանի հուշամրցաշարը
Այսօր Ջերմուկ նշանավոր առողջարանային քաղաքում կմեկնարկի Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը: Այդ մասին տեղեկցանում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքէջը:
Հուշամրցաշարին կմասնակցեն 6 երկրների 70 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 16 գրոսմայստեր: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով:
Մրցանակային հիմնադրամը կազմում է 15.000 ԱՄՆ դոլար: Դրամական պարգեւի կարժանանան 1-15-րդ տեղերը գրավող մասնակիցները, այդ թվում 1-ին տեղը կստանա 3000 դոլար, 2-րդը` 2.000, 3-րդը` 1500: Հավասար միավորներ վաստակելու դեպքում պարգեւավճարները բաշխվելու են հավասարաչափ:
Հատուկ մրցանակներ են սահմանվել նաեւ կանանց, մինչեւ 16 տարեկան եւ վետերան (60 տարեկանից բարձր) շախմատիստների համար:
Մրցաշարի մուտքավճարը տատանվում է 12-40 հազար դրամի սահմաններում` կապված մասնակցի գործակցից: Միջազգային գրոսմայստերները ազատված են մուտքավճարից:
Այսօր «Ջերմուկ աշխարհ» առողջարանում տեղի կունենա բացման արարողությունը եւ վիճակահանությունը: Ի դեպ, 2600 եւ բարձր գործակից ունեցող տղամարդկանց, 2450 եւ ավելի գործակից ունեցող կանանց մրցաշարի կազմակերպիչները առողջարանում հատկացրել են անվճար մեկտեղանոց համարներ (այդպիսիք ընդամենը երեք հոգի են):