Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Անտառային տարածքներում հանգստի և զբոսաշրջության նպատակով կազմակերպող աշխատանքները. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Զրուցարաններին գալիս են փոխարինելու էկոտնակները․ հանգստի նպատակով անտառային տարածքների վարձակալության գործընթացն ակտիվացել է
ԱրմենՊրես լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսին Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը և նախարարության անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը անդրադարձել են անտառային տարածքներում հանգստի և զբոսաշրջության նպատակով կազմակերպող աշխատանքներին։
Շրջակա միջավայրի նախարարությունն անցկացնում է մրցույթ անտառային կոնկրետ նշված տարածքները հանգստի և զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու համար։ Տնտեսվարողները պարտադիր ներկայացնում են ներդրումային ծրագիր՝ հաշվի առնելով պետության կողմից սահմանված բնապահպանական դրույթները։ Նախորդ տարիների համեմատ տնտեսվարողների կողմից ներկայացվող ծրագրերի բովանդակությունը բավական փոխվել է։ Հիմա ավելի շատ են գերակշռում էկոտնակային գաղափարները։
Արթուր Պետրոսյանը նշել է, որ գործընթացի կանոնակարգումը շահեկան է թե ֆինանսական, թե վերահսկման տեսանկյունից։
«Ցանկացած գործընթաց, եթե կանոնակարգված ձևով է կազմակերպվում, միանշանակ շահեկան է։ Շատ կարևոր է, որ այդ ամենն իրականացվի համակարգված, պատշաճ վերահսկողությամբ։ Ի վերջո, վարձակալությամբ ներգրավված գումարները նաև ուղղորդվում են անտառվերականգնման, պահպանման աշխատանքներին»։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը նշել է, որ անտառային տարածքները հանգստի կազմակերպման նպատակով վարձակալության տրամադրելու գործընթացը բավական ակտիվացել է 2022 թվականի երրորդ եռամսյակից։
«Մինչև 2022 թվականը «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ուներ կնքած 130 պայմանագիր, որի վարձակալության արժեքը կազմում էր տարեկան 25 մլն դրամ։ 2022 թվականի երրորդ եռամսյակից մինչև հիմա արդեն ունենք 235 պայմանագիր։ Վարձակալական վճարը տարեկան կազմում է 92 մլն դրամ։ Հաղթող ճանաչված ներդրումային ծրագրերի ծավալը կազմում է 15,1 մլրդ դրամ»,-ասել է Սևակ Մարկոսյանը։
Բոլոր վարձակալները պարտավոր են ներկայացնել հաշվետվություն կատարված ներդրումների վերաբերյալ։ Սևակ Մարկոսյանի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ տարածքները վարձակալած տնտեսվարողները հիմնականում հավատարիմ են լինում պայմանագրով նախատեսված դրույթներին։ Եթե լինում են խախտումներ, ապա վերահսկող մարմինները պարտավորեցնում են շտկել։ Սևակ Մարկոսյանը վստահեցրեց, որ ի սկզբանե դրվում է հստակ պահանջ՝ որևէ ծառահատում չպետք է թույլատրվի։
Վերջին 3 տարվա ընթացքում անտառային տարածքներում հանգստի և զբոսաշրջության նպատակով կազմակերպող աշխատանքներով պայմանավորված ծառահատում չի իրականացվել։ Եթե ամեն դեպքում խախտումներ լինեն, պետությունն անհրաժեշտության դեպքում կարող է խզել պայմանագրերը։