A
A
Արցախյան թոնրահացի արտադրամասը փակման եզրին է
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղը հայտնի էր ղարաբաղյան ավանդական թոնրահացի արտադրությամբ։
Այստեղ շատերը թոնիր ունեին։ Գյուղի վարչական տարածքում երկու հարյուրակը հատող մշակութային ժառանգության կողքին իր ծանրակշիռ տեղն ուներ ոչ նյութական ժառանգության պահպանությունը։ Արտագաղթից հետո պատարեցի Արսեն Թևոսյանն ընտանիքով հաստատվել է Երևանում։ Տուն են վարձակալել, մտածել հետագա անելիքների մասին։
-Քանի որ Պատարայում հմտացել ու մասնագիտացել էինք թոնրահացի արտադրության գործում, որոշել ենք այստեղ ևս հաց թխել։ Այդպես՝ քայլ առ քայլ դժվարությունները հաղթահարելով 2023-ի դեկտեմբերի 29-ին թխել ենք մեր առաջին հացը,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Արսեն Թևոսյանը։
Միայն հացի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների վրա 6 միլիոն դրամից ավելի գումար են ծախսել։ Որպես վառելիք փայտ են օգտագործում։
-Պատարայում ավանդական թոնրում էինք հացը թխում, ու այն արդեն եկամուտ էր բերում, քանի որ ունեինք մշտական սպառողներ։ Հիմնականում մայրաքաղաք Ստեփանակերտ էինք առաքում։ Սովորական օրերին 700-800 հաց էինք արտադրում, տոնական օրերին դրանց քանակը կրկնապատկվում էր։ Երևանում համապատասխան թոնիրներ սարքելու համար բավականին ներդրում ենք կատարել, տարածք վարձակալել։ Հաշվի առնելով բնակչության թվաքանակը՝ համոզված էինք, որ հաջողելու ենք, եթե անգամ օրական 300-400 հաց վաճառենք։ Սակայն շուկա մտնելու համար բավականին ժամանակ է անհրաժեշտ, լրացուցիչ ներդրումներ, որն արդեն չունենք։
Ներկայում օրահացի խնդիր ենք լուծում,- մտահոգված է Արսենը։ Շուկան և հնարավորությունները Երևանում մեծ են, որոնց զուգահեց մրցակցությունը ևս մեծ է՝ ասում է զրուցակիցս։ Տարածքում նաև ժենգյալով հացի արտադրություն է դրել, որպեսզի փոքր-ինչ մեղմվի ֆինանսական վիճակը։
Արսենի մոտ 5 հոգի է աշխատում ու արդեն ամիսներ շարունակ աշխատավարձի հարցում ևս դժվարություններ են առաջանում։ Ուստի երկար խորհելուց հետո որոշել են դադարեցնել թոնրահացի արտադրությունը։
-Արդեն երրորդ ամիսն է, ինչ մինուսով ենք աշխատում։ Միայն մի արտադրատեսակով չես կարող եկամուտ ապահովել, պետք է անընդհատ գովազդով զբաղվես, նոր պատվիրատուներ ձեռք բերես, քանի որ մրցակցությունն այստեղ կոշտ է։
Մասնագիտացված խանութներն ու ռոստորաններն իրենք ենք իրենց հացաբուլկեղենն արտադրում։ Հույսը մնում է, հիմնականում, փուռից դուրս վաճառք իրականացնելու վրա։ Արդեն քանի օր է արտադրամասը բավականին ուշ են փակում, միևնույն է դարակների հացը չի սպառվում։ Տնտեսվարողը հասկանում է՝ հաշվի առնելով թոնրահացի արտադրության առանձնահատկությունները, ինքնարժեքը փոքր-ինչ թանկ է ստացվում, սակայն եթե լինեին որոշակի արտոնություններ՝ հարկերից ժամանակավոր ազատում՝ օրինակ, կամ տարածքը սեփական լիներ, ժամանակի ընթացքում կկարողանան ոտքի կանգնել։
Երիտասարդ ընտանիքն այժմ երկրորդ զավակի լույս աշխարհ գալուն է սպասում։ Ասում է՝ ամեն ինչ անում են, որպեսզի մայր հայրենիքում մնան՝ մոտ ապագայում ծննդավայր վերադառնալու մեծ հույսով ու սպասումով։
Անահիտ Պետրոսյան