Սեփական մեքենայով Հայաստան չգա՞լ
Այսօր` հունիսի 13-ի առավոտյան, ՀՀ ՊԵԿ-ի Շիրակի տարածաշրջանային «Բավրա» սահմանային անցակետի աշխատակիցները Ջավախքի բնակիչ, Վրաստանի քաղաքացիություն ունեցող Ս. Շահինյանին արգելել են սեփական մեքենայով մտնել ՀՀ տարածք:
"Միտք" վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Վահե Սարգսյանի փոխանցմամբ՝
պատճառաբանությունը եղել է հետևյալը. «Ապ ջան, քո` սեփական մեքենայով ՀՀ-ում գտնվելու առավելագույն տարեկան ժակետը` 90 օրը, արդեն լրացել է, կամ գնա անձնագիրդ փոխի, կամ գնա ավտոդ մեկ ուրիշին «գենդավերնոստով» տուր, թող նա գա` դու էլ կողքը նստած, հիմա հետ դարձիր»:
ՀՀ ՊԵԿ-ի` տարեսկզբին ընդունած որոշմամբ այլ երկրի քաղաքացիները, այս դեպքում նաև` Ջավախքի բնակչությունը, սեփական մեքենայով ՀՀ տարածքում կարող են գտնվել տարեկան առավելագույնը 90 օր, իսկ յուրաքանչյուր ՀՀ մուտք գործելուց ՀՀ տարածքում կարող են գտնվել առավելագույնը 15 օր, բազմիցս անդրադարձել ենք:
Վահե Սարգսյանը հիշում է, որ վերջերս հանրային հեռուստատեսության հաղորդումներից մեկի ժամանակ ՀՀ ՊԵԿ-ի տեղակալ Արմեն Ալավերդյանն այս դժգոհությանը արձագանքել է` նշելով, որ «կյանքը սառած երևույթ չէ, մենք եթե տեսանք, որ այդ 90 օրը մարդկանց մոտ դժգոհություններ կառաջացնի, կվերանայենք մեր մոտեցումները»: Նա կարծում է, որ այսօրվա դեպքը նախակարապետն է Ջավախք-ՀՀ հետագա անջրպետի հետագա խորացման: