Բացել լրահոսը Փակել լրահոսը
b6b4055e-fd6d-497f-afeb-34bf07e4ca96
A A
Պաշտոնական

ՁՊՎ-ներում ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի առնչությամբ ՄԻՊ-ն արձանագրել է մի շարք խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության կարևոր ուղղություններից է ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը:

 

Հենց այս գործունեության շրջանակում ամբողջ տարվա ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են մշտադիտարկման այցեր Ոստիկանության բաժիններ, Ձերբակալված անձանց պահման վայրեր (ՁՊՎ) և մի շարք այլ փակ հաստատություններ։ Պարբերաբար վեր են հանվել խնդիրներ և դրանց լուծման առաջարկները ներկայացվել են պետական իրավասու մարմիններին, ինչպես նաև ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի` Կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցում։ Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանն, ի թիվս այլնի, ՁՊՎ-ներում արձանագրել է խնդիրներ` կապված ինքնավնասումների, ինքնասպանությունների դեպքերի կանխարգելման հետ։ Մասնավորպես, մտահոգիչ է այն

հանգամանքը, որ ՁՊՎ-ներում առկա չէ ինքնասպանությունների կամ ինքնավնասումների ռիսկերի գնահատման որևէ մեխանիզմ։

 

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ անհրաժեշտ է․

• սահմանել ազատությունից զրկված անձի՝ ՁՊՎ մուտք գործելիս ինքնասպանության կամ ինքնավնասման ռիսկերի գնահատման համապատասխան կառուցակարգեր,

• ՁՊՎ-ի ծառայողների համար իրականացնել վերապատրաստումներ ինքնասպանությունների կամ ինքնավնասումների դեպքերին պատշաճ արձագանքելու, այդ թվում՝ դրանց կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցների ձեռնարկման վերաբերյալ,

• ՁՊՎ-ի ծառայողների համար կազմակերպել առաջին բուժօգնություն տրամադրելու կարողությունների զարգացման վերաբերյալ պարբերական վերապատրաստումներ:

 

Նշենք, որ մշտադիտարկումների ընթացքում ուսումնասիրության առարկա են դարձել ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը, վարվող հաշվառման մատյանները և անհրաժեշտ այլ փաստաթղթերը, սանիտարահիգիենիկ ու պահման պայմանները, հակահրդեհային համակարգերը, ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանները և այլն:

 

Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված խնդիրների լուծման հարցում։