Ամենահաջող տրանսֆերը ձախողվեց
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Ուլիսը» երկկողմանի համաձայնության է եկել թիմի կիսապաշտպան Ռենատո Մորայրեշի հետ եւ խզել նրա հետ կնքած պայմանագիրը: Բրազիլացի լեգեոնականը ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել։
«Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը «Ա1+»-ին այդ առիթով հայտնեց, որ նման առաջարկով ֆուտբոլիստին դիմել է ակումբը:
«Երբ մենք պայմանագիր կնքեցինք Ռենատոյի հետ, շատերը նշեցին, որ դա մրցաշրջանից առաջ կատարված ամենահաջողված տրանսֆերն էր: Ավաղ, բրազիլացի խաղացողը չարթարացրեց մեր սպասելիքները, այդ իսկ պատճառով ստիպված հրաժարվեցինք նրա ծառայություններից»,-ասել է նա:
Հարկ է նշել, որ հունիսի 1-ից բացվել է ամառային տրանսֆերը: Ինչպես նշեց Սեւադա Արզումանյանը, «Ուլիսը» նույնպես նոր ֆուտբոլիստներ է փնտրում թիմի կազմը ուժեղացնելու համար:
«Ելնելով Ռոնատոյի տրանսֆերի դառը փորձից, մենք այժմ մտածում ենք ոչ թե քանակի, այլ որակի մասին: Վերջերս երկու վրացի ֆուտբոլիստների փորձարկեցինք, սակայն հրաժարվեցինք նրանցից, քանի որ իրենց խաղամակարդակով չէին տարբերվում մեր ֆուտբոլիստներից: Թիմը, այնուամենայնիվ, համալրման կարիք ունի, քանի որ առաջնության ընթացքում տարբեր պատճառներով խաղերից առաջ կադրային խնդիրներ են առաջանում»,-ն նշեց նա:
«Ուլիսում» այժմ փորձաշրջան է անցնում կոտդիվուարցի հարձակվող Սամուել Զուկոն: Ըստ գլխավոր մարզչի, ակումբը առաջիկա օրերին հավանաբար պայմանագիր կկնքի վերջինիս հետ, քանի որ նա հաջողությամբ անցել է փորձաշրջանը: