Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Քաղաքականություն

1998 թվականի այս օրերին Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն: «Հայտնի ուժերի ճնշման տակ» հանրապետության առաջին ու վերընտրված նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 3-ին ստիպված եղավ հրաժարական տալ եւ իշխանությունը հանձնել մեզ «հայտնի ուժերին»:

Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդեցին ԱԺ նախագահի, փոխնախագահների եւ պաշտոնյաների հրաժարականները: Եվ առանց լուրջ ցնցումների, սահուն կերպով, իշխանությունն անցավ այսօր երկիրը ղեկավարողների ձեռքը:

Շատ վերլուծաբաններ պնդում են, որ 98-ին տեղի չի ունեցել իշխանափոխություն, այլ ընդամենը դավադրություն, որի արդյունքում իշխանությունն անցել է հայտնի ուժերին: Նախկին իշխանական ուժերից ոմանք գտնում են, որ իշխանափոխության վերջին ակորդը 1999 թվականի հոկտեմբերի 27-ն էր:

Ինչեւէ: 1998 թվականի փետրվարին հայ ժողովուրդն ականատես եղավ գաղափարական ակցիայի, երբ նախագահի հրաժարականից հետո զուտ թիմային ու սկզբունքային մոտեցումից ելնելով իշխանությունը լքեցին նախագահի հետ եկած եւ նրա ծրագրերն իրականացնող մարդիկ:

Մեկ-երկու օրվա ընթացքում, փաստորեն, նույն իշխանության ներկայացուցիչների այն մասը, որը հրաժարական տվեց` դարձավ նախկին իշխանություն:

«Իսկ իշխանության այն մասը, որը ոչ քաղաքական էր եւ, ըստ էության, նախկին իշխանությունների բոլոր վատ կողմերի համար շատ ավելի մեծ պատասխանատվություն էր կրում, դարձավ նոր իշխանություն»,- մի առիթով ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը: