Քննարկել են ֆուտբոլի երիտասարդական ԱԱ-2029-ը Հայաստանում և Վրաստանում անցկացնելու հայտը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունիսի 5-ին ընդունել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիին՝ քննարկելու Հայաստանի հետ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային (ՖԻՖԱ) ներկայացնելիք հայտը` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության համատեղ անցկացման վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել ֆուտբոլի զարգացման գործում երկու ֆեդերացիաների համատեղ նախաձեռնությունը, որը վկայում է երկու երկրների բարեկամական և կայուն հարաբերությունների ու համագործակցության մասին: ԿԳՄՍ նախարարը նաև շնորհավորել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ փուլին ազգային թիմի մասնակցության կապակցությամբ:
«Ֆուտբոլն, իսկապես, շատ մասսայական և սիրված մարզաձև է մեր երկրում: Համաշխարհային ֆուտբոլի խոշորագույն իրադարձություններից մեկի հյուրընկալումը հիանալի հնարավորություն կլինի՝ մասը կազմելու ֆուտբոլային անմոռանալի մթնոլորտի: ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը նախաձեռնության իրականացմանն աջակցելու համար՝ մասնավորապես ենթակառուցվածքների զարգացման առումով»,- ասել է ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ արդեն իսկ քննարկվում է Լոռու և Տավուշի մարզերի երկու քաղաքներում նոր մարզադաշտերի կառուցման հարցը՝ առաջնության հանդիպումները պատշաճ մակարդակով ընդունելու նպատակով:
Հայաստանի կողմից նախատեսվում է օգտագործել նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը:
Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նաև միջազգային մրցաշարերի ընդունման Հայաստանի կուտակած փորձն ու տեղեկացրել, որ մինչև 2029 թվականը մի շարք խոշոր մարզական միջոցառումներ են նախատեսված ՀՀ-ում: 2027 թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը կանցկացվեն Հայաստանում, որը, ըստ նախարարի, կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը՝ ամրապնդելով խոշոր մրցաշարեր հյուրընկալելու մեր երկրի հմտությունները:
Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նաև ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ռազմավարությամբ սահմանված կարևոր թիրախները, ՀՀ-ում ֆուտբոլի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, ինչպես նաև նոր մարզադպրոցների կառուցման գործընթացը:
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ Լևան Կոբիաշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, և ընդգծել՝ եվրոպական ֆուտբոլային ասոցիացիան իր լիակատար աջակցությունն է հայտնել երկու ֆեդերացիաների համատեղ հայտի ներկայացմանը:
«Վրաստանը մինչև այսօր անցկացրել է Եվրոպայի մինչև 19 և 21 տարեկանների առաջնությունը։ Հայաստանը 2019 թվականին մեծ հաջողությամբ ընդունել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը, իսկ այս տարի հյուրընկալել է Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը։ Սա մեծ մրցաշարը բարեհաջող հյուրընկալելու լուրջ գրավական է»,- ասել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:
Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության անցկացման համատեղ հայտը Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ՖԻՖԱ-ին պաշտոնապես կներկայացնեն 2024 թվականի դեկտեմբերին, իսկ առաջնության անցկացման վայրը հայտնի կդառնա 2025 թվականին: