«Հայաստանը չի կորցրել շանսերը»
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը կարծում է, որ Եվրո-2012-ի ընտրական փուլի Ռուսաստան - Հայաստան հանդիպումը պետք է դրական ավարտ ունենար, քանի որ մեր թիմը իր խաղի որակով գերազանցեց մրցակցին:
«Այդ թիմերի առաջին հանդիպումից հետո ես ասել էի, որ մեր ֆուտբոլիստների գործողություններում չկար այնպիսի հստակություն, ինչպիսին նկատվում էր նախորդ խաղերի ժամանակ: Ռուսների հետ պատասխան խաղում մեր հավաքականի կոլեկտիվ գործողությունները հաճելիորեն զարմացրին ինձ: Մարզչական կազմը շատ ճիշտ էր կառուցել խաղը, իսկ տղաների պայքարի հոգին բավական բարձր էր: Ափսոս, որ դրանք չամրապնդվեցին անհատական կատարողական վարպետությամբ»,-ասաց նա:
Սակայն Սուրեն Բարսեղյանը միանշանակ գտնում է, որ մեր թիմը չպետք է վհատվի այդ պարտությունից եւ շարունակի պայքարել Եվրո-2012-ի ուղեգրերի համար:
«Չնայած Ռուսաստանից կրած պարտությանը, Հայաստանը չի կորցրել շանսերը խմբում 1-2-րդ տեղերը գրավելու համար, ուստի ֆուտբոլիստները չպետք է հոգեբանորեն ընկճվեն: Մեր թիմի ցույց տված խաղը թույլ է տալիս հավատալու, որ գլխավոր խնդիրը լուծելի է, քանի դեռ կա եզրափակիչ փուլ մտնելու հնարավորություն»: