A
A
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ԱԷՄԳ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու ակտիվ դինամիկան, որին նպաստում են նաև պարբերական բարձրաստիճան այցերն ու հանդիպումները։
Քննակվել են Հայաստան-ԱԷՄԳ օրակարգային մի շարք հարցեր։ Հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերներն ու ներկայիս պայմաններում միջուկային էներգիայի աճող դերը՝ ընդգծվել է Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարարի մասնակցության և խոսքում արված հիմնական շեշտադրումների կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել էներգետիկայի և առողջապահության ոլորտներում, մասնավորապես ուռուցքաբանության ու ճառագայթային բժշկության բնագավառներում իրականացվող ծրագրերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել ՀՀ ատոմային էլեկտրակայանի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը՝ ԱԷՄԳ առաջարկություններին և չափանիշներին համապատասխան: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը, ելնելով միջուկային էներգիայի կարևորությունից և ազգային առաջնահերություններից՝ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար՝ միաժամանակ ուսումնասիրելով նոր հնարավորությունները։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ կողմից ցուցաբերվող աջակցությունն ու փոխշահավետ համագործակցությունը։