Թուրքիա կմեկնեն 7 բռնցքամարտիկ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, որը պատրաստվում է Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, այս օրերին իր վերջին, թվով երրորդ ուսումնամարզական հավաքը, անցկացնում է Արարատի «Այգ» մարզաբազայում:
Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, այս հավաքը մեր թիմը համատեղ անցկացնում է Իրանի բռնցքամարտիկների հետ:
«Իրանի հավաքականը այժմ պատրաստվում է Ասիական խաղերին, իսկ մենք` Եվրոպային: Քանի որ մարզումների ժամկետները համընկավ, մենք իրանցիներին առաջարկեցինք համատեղ հավաք անցկացնել, ինչը ուրախությամբ ընդունվեց Իրանի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից»,-ասաց նա:
Ռաֆայել Մեհրաբյանը ասաց, որ ուսումնամարզական այս հավաքին մասնակցում են 18 բռնցքամարտիկ, սակայն Թուրքիա կմեկնեն նրանցից յոթը: «Եվրոպայի այս տարվա առաջնությունը չնախատեսված մրցումներ են եւ օլիմպիական վարկանիշային միավորներ չեն տալիս, ուստի մենք նպատակահարմար գտանք հանդես գալ առաջին յոթ քաշային կարգերում»:
«Ա1+»-ի լրագրողի խնդրանքվ նա անդրադարձաավ նաեւ Եվրո-2012-ի Ռուսաստան - Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը այդ առիթով ասաց. «Կարծում եմ, չկա Հայաստանի որեւէ մարզաձեւի հավաքականի գլխավոր մարզիչ, ով չհետաքրքրվի մյուս ազգային թիմի ելույթներով, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է ամենամասսայական մարզաձեւին` ֆուտբոլին: Ես հաջողություն եմ ցանկանում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի իմ գործընկերոջը այդ խաղում: Հաղթանակը Ռուսաստանի նման ուժեղ ընտրանու նկատմամբ մեծ տոն կդառնա ոչ միայն ֆուտբոլիստների եւ ֆուտբոլասերների, այլեւ ամբողջ հայ ժողովրդի համար»: