Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

Սյունիքը ՀՀ ամենաբարեկեցիկ մարզն է՝ 294․704 դրամ միջին ամսական անվանական աշխատավարձով (տեսանյութ)

Սյունիքը ՀՀ ամենաբարեկեցիկ մարզն է

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2024թ․ առաջին եռամսյակում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 8.2 տոկոսով բարձր է եղել 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 282․879 դրամ։ Պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.2 տոկոսով և կազմել է 208․752 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական աշխատավարձն աճել է 7.3 տոկոսով՝ կազմելով 313․260 դրամ։

Հանրապետությունում ամենաբարձր աշխատավարձը մայրաքաղաքում է՝ միջինում կազմելով 299․804 դրամ։ Մարզերից Սյունիքում է ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը, որը կազմում է 294․704 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 22․157 դրամով։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Սյունիք ՏՎ-ին տված հարցազրույցում փաստել է, որ  ՀՀ-ում միջին աշխատավարձը բարձր է հիմնականում ՏՏ, բանկային, հանրային սննդի և հանքարդյունագործական ոլորտներում։ Վերջինս որոշիչ դեր ունի հատկապես Սյունիքի մարզում։

«Հանքարդյունաբերական ոլորտում մենք մշտապես ունեցել ենք միջին աշխատավարձերի ամենաբարձր մակարդակներից մեկը։ Եվ չնայած ունեցել ենք համաշխարհային շուկայում մետաղների գների տատանումներ և այլն, բայց այս ոլորտում, ընդհանուր առմամբ, աշխատավարձերը բարձր են։ Հանքագործությունը համարվում է շարժիչ ուժ նաև Սյունիքի մարզի գյուղերի համար։ Այսինքն՝ հանքագործության շուրջ առաջացել է ձեռնարկությունների կլաստեր, որոնք սպասարկում են հանքարդյունաբերության ոլորտը»,- նշել է նա՝ հավելելով, որ միջին աշխատավարձով և զբաղվածության ցուցանիշներով պայմանավորված՝ Սյունիքի մարզը համարվում է ՀՀ ամենաբարեկեցիկ տարածաշրջանը:

Սյունիքի մարզում աղքատության ցուցանիշը զգալիորեն ավելի ցածր է, քան մայրաքաղաքում․ միջին ցուցանիշը հանրապետությունում կազմում է 24․7 տոկոս, Երևանում՝ 15 տոկոս, իսկ Սյունիքի մարզում՝ 2-2,5 տոկոս։