Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառում՝ Արարատի մարզի 14 դպրոցների մասնակցությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում ներկա է եղել Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը։
Ցերեկույթին մասնակցել են Արարարտի մարզի 14 դպրոցներ, որոնցում դասավանդվում է ֆրանսերեն։
Դպրոցականները հյուրերին նախասրահում դիմավորել են երաժշտական կատարումներով և նկարչական աշխատանքների ցուցահանդեսով՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյեին։
Բեմում՝ ներկայացման ձևաչափով դպրոցների սաները հայերեն և ֆրանսերեն ներկայացրել են դրվագներ Շառլ Ազնավուրի կյանքից և ստեղծագործական գործունեությունից, հանդես եկել նրա հեղինակած ստեղծագործություններով, ներկայացրել պարային և վոկալ կատարումներ։
Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ Կառավարության կողմից ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, և ողջ տարվա ընթացքում Հայաստանում և արտերկրում իրականացվելու են բազմաթիվ միջոցառումներ։ «Անդրադառնալու ենք Շառլ Ազնավուրի ժառանգությանը, այն արժեքներին, որը նա թողել է և, որը մենք պետք է շարունակենք»,- ասել է նախարարը։ Նա ընդգծել է, որ մշտապես ուշադրությամբ է հետևում այն միջոցառումներին, որոնք կազմակերպում են մարզային դպրոցները։
«Այնքան կարևոր է, որ մենք խրախուսենք երեխաներին ներկայացնելու իրենց գաղափարներն ու մոտեցումները։
Մեծահասակների կողքին երեխաներն իրենց տեսանկյունից պետք է խոսեն իրադարձությունների և մարդկանց մասին, ինչը կօգնի նրանց շարունակել պատմությունը և պահպանել մշակութային ժառանգությունը»,- ասել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև նախաձեռնության ձևաչափին՝ մեկ գաղափարի շուրջ համախմբված և 14 դպրոցների համատեղ ջանքերով կազմակերպած միջոցառմանը՝ նշելով, որ այս համագործակցությունն արժանի է մեծ գնահատանքի․ «Կարևոր է, որ դպրոցներն աշխատեն միասին, համախմբվեն ընդհանուր գաղափարների շուրջ և իրականացնեն դրանք»։
Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ