Ազատը, Արփան, Եղեգիսը կատաղել են
Ազատ գետի վարարման հետևանքով ողողվել են Արարատի մարզի Բուրաստան գյուղի մշակովի ցանքատարածքներ: Ըստ ԱԻՆ մամլո հաղորդագրության` ողողվել են նաեւ գետի ափին գտնվող «Դանգսի» ավտոտեխսպասարկման կետի շինության հիմքը:
Իսկ Լանջազատ գյուղում փլուզվել է համայնքային նշանակություն ունեցող կամուրջը (4x20մ), ջրածածկվել է 3000 քմ մակերեսով հողատարածք: Դեղձուտ գյուղում ջրածածկվել է ավտոճանապարհի մոտ 70մ ափամերձ հատված և մոտ 400 քմ մակերեսով հողատարածք:
ԱԻՆ-ին նաեւ հայտնում են, որ Եղեգիս գետի վա¬րարման պատճառով Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում վնասվել է խմելու ջրագծի մոտ 40մ հատվածը, ողողվել են մշակովի ցանքատարածքներ (մոտ 3000 քմ), փլուզվել է դաշտամիջյան կամուրջը (մոտ 3մ), իսկ Շատին գյուղից մարզի Եղեգիս, Հերմոն, Գողթանիկ, Վարդահովիտ, Արտաբույնք և Հորբատեղ գյուղեր տանող ավտոճանապարհը դարձել է անանցանելի. երթևեկությունն իրականացվում է շրջանցիկ ճանապարհով:
Նույն մարզում՝ Արփա գետի վա¬րարման հետևանքով վնասվել են Երևան-Մեղրի ավտոճանապարհի 118-րդ կմ-ի ճամփեզրի մոտ 30մ հատվածը, Արփի գյուղում ջրածածկվել է 15 և ողողվել է 2հա մշակովի ցանքատարածք,իսկ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի գյուղում Մարտունի գետի վա¬րարման հետևանքով փլուզվել են ափապաշտպան երկկողմանի պատնեշները (մոտ 30մ):
Դեպքերի մասին տեղյակ են պահվել համապատասխան մարզպետարանները: