Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արցախցի Նվերը Մեծամորում գյուղատնտեսությամբ է զբաղվում, աշխատատեղեր է ստեղծել

Նվեր Գաբրիելյանն Արցախից բռնի տեղահանվելուց հետո ընտանիքով հաստատվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Շարունակել է գյուղատնտեսությամբ զբաղվել, ինչպես Արցախում։

Թեեւ մասնագիտությամբ ֆինանսիստ է, նախընտրել է գյուղատնտեսությունը՝ տարիներով հողի հետ կռիվ է տվել, մինչև հասկացել է նրա լեզուն։

Արցախում Գաբրիելյանները գյուղատնտեսական մեծածավալ աշխատանքներ էին իրականացնում 35 հա տարածքում, որտեղ մշտական աշխատանքով ապահովված էր 20 մարդ, սեզոնային աշխատանքների ժամանակ աշխատուժը հատում էր 50-ի։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գյուղատնտեսական աշխատանքները կրկին սկսեցին իրականացնել, այս անգամ՝ Ասկերանում, քանի որ նախկինում մշակվող հողերն անցել էին հակառակորդի տիրապետության տակ։

«Ասկերանում հիմնական ուշադրությունը դրել ենք ջերմոցային տնտեսություն հիմնելու վրա, քանի որ տարածքը փոքր էր։ 4000 քառակուսի մետր մակերես ունեցող ջերմոցները հագեցած էին ժամանակակից տեխնոլոգիաներով։ Շրջափակման ամիսներին մեծ դժվարությամբ ենք կարողացել ջերմոցները պահել, որպեսզի կարողանանք որոշակի սնունդով ապահովենք մեր բնակիչներին։ Մինչև վերջին պահն էլ հոգ ենք տարել ջերմոցների մասին»,-ասում է Նվերը։  

Արցախում Գաբրիելյանների մոտ աշխատողներից ոմանք բնակվում էին հարակից գյուղերում, գալիս Ասկերան՝ աշխատանքի։ 

Հիմա էլ, իմանալով, որ Նվերը մտադրություն ունի այստեղ գյուղատնտեսությամբ զբաղվելու, նրանցից շատերը տեղափոխվել և հաստատվել են Մեծամորում, աշխատանքի անցել նրա մոտ։

Տարածքում ցանքս կատարելու համար անհրաժեշտ բոլոր աշխատանքներն արված են։ Առաջին սածիլներն արդեն պահ են տրվել հողին։

«Ընկերներիս օգնությամբ  վարձակալել եմ 7 հա հողատարածք, որի 80 տոկոսում ցանվելու է ձմերուկ։ Գյուղատնտեսական աշխատանքների ամենաեռուն շրջանն է։ Զբաղվելու ենք բանջարանոցային կուլտուրաների բացօթյա աճեցմամբ։ Ստեղծված իրավիճակում մեր հայրենակիցներին աշխատանքով ապահովելն ամենաարդիական հարցն է։ Հուսով եմ այստեղ ևս կհաջողեմ և առկա դժվարություններն ու խոչընդոտներն արժանապատվորեն կհաղթահարվեն»,- ասում է նա։

Նվերի մոտ մշտական աշխատանքով ապահովված կլինի 7 մարդ, իսկ սեզոնային աշխատանքների ժամանակ աշխատուժի քանակը կհասնի մինչև քսանի։

Անահիտ Պետրոսյան