Եթե ընդդիմությունը մանդատը վայր դնի, նոր ընտրություններ չեն լինի
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր Սահմանադրությունը չի նախատեսում, որ պատգամավորական տեղերի թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ կանցկացվեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը երեկ կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ, դիմելով խորհրդարանական ընդդիմությանը, ասաց, որ եթե իշխանությունների հրաժարականն են ուզում, թող իրենք հրաժարական տան, որ նոր ընտրություններ լինեն։
«Արծվիկ Մինասյանն ասում է՝ հրաժարական տվեք: Պարոն Մինասյան, հարգելի գործընկերներ, էդքան օրհասակա՞ն է վիճակը, հրաժարակա՞ն է պետք, նոր բան կա՞ ասելու: Դուք բոլորով հրաժարական տվեք, և նոր ընտրություններ տեղի կունենան։ Բա խի՞ չեք հրաժարական տալիս, չե՞ք կարողանում իրար մեջ պայմանավորվել»,- հայտարարել էր ԱԺ նախագահը:
Արծվիկ Մինասյանն այսօր արձագանքել է այս հայտարարությանն ու ասել, թե իշխանություններն ընդդիմության հրաժարականով ցանկանում են ունենալ իրենց երազած՝ առանց ընդդիմության խորհրդարանը։ «Եթե այս վիճակից ելքը ընդդիմության հրաժարականն է, ու այդ հրաժարականով կփրկվի երկիրը, իրենք ռադ կլինեն, մենք կգնանք այդ քայլին, մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է։ Բայց եթե չկա հասարակական այն ընդվզումը, որ այս իշխանությանը հեռացնի, որին պետք է նախորդի նաև գործադիրի նկատմամբ անվստահության հայտնումը, արկածախնդրություն է գնալ մի քայլի, որի հետևանքով ուժեղացնում ես այս կառավարության, այս ազգադավ իշխանության գործողությունները»,- ասել է Արծվիկ Մինասյանը։
Բայց արդյոք Հայաստանի հանրապետության Սահմանադրությունը կամ օրենքները տալիս են այն հնարավորությունը, որ խորհրդարանական ընդդիմության հրաժարականի դեպքում պետք է անցկացվեն Ազգային ժողովի նոր ընտրություններ։ «Նման հնարավորություն օրենսդրությունը չի տալիս, իսկ ձեր ասած անձին օգտակար կլինի ստանալ իրավական տարրական գիտելիքներ»,- մեկնաբանեց 2015 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությունների հեղինակներից Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը։
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվում են այն դեպքերում, եթե ԱԺ-ն չի կարողանում ընտրել վարչապետ, կամ եթե ԱԺ-ն կառավարության ծրագրին հավանություն չի տվել։ Իհարկե, իրավական նորմերի համաձայն խորհրդարանի 1/3-ը պետք է ընդդիմություն լինի, բայց նաև չկա կարգավորում, թե՝ եթե ընտրությունների արդյունքում ընդդիմադիր ուժերը չեն կարողանում հաղթահարել անցողիկ շեմը, ապա ինչ պետք է լինի։
Արմեն Խաչատրյանն էլ հավելեց, թե իրավական կարգավորումները նաև չեն արգելում, որ ընդդիմության հրաժարականի դեպքում ԱԺ նոր ընտրություններ անցկացվեն։ «Այս դեպքում էլ պիտի ողորմի տամ Սահմանադրական դատարանի նախկին նախագահներ Գագիկ Հարությունյանին և Հրայր Թովմասյանին, որ այդ Սահմանադրությունը կապեցին մեջ ջանին։ Այնպես որ միանշանակ չէ, և այդքան վստահ պետք չէ ասել, որ եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, դա արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմք կդառնա»,- ասաց ՀԱԿ անդամը։
Վերջինիս ներկայացմամբ՝ ընդդիմության հրաժարականը նաև խորհրդարանական ճգնաժամ չի առաջացնի, քանի որ ԱԺ մեծամասնությունը կարող է միայնակ ընդունել ներկայացված օրինագծերը։ «Կստացվի, որ խորհրդարանական մեծամասնությունը դառնում է ԱԺ միակ ուժը։ Ճիշտ է, այդ դեպքում սահմանադրական ճգնաժամ է առաջանում, քանի որ մի կողմից ասում է՝ պարտադիր է, որ խորհրդարանում 1/3-ը ընդդիմություն լինի, մյուս կողմից չկա մեխանիզմը, որ եթե չկա այդ ուժը, ապա ինչ պետք է լինի։ Սա էլ նախկին իշխանություններից ժառանգած Սահմանադրության բացերից է»,- ասաց Արմեն Խաչատրյանը։