Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 9-ը ապրիլի․ փշալարերով շրջափակված նախագահական երդմնակալության ու միասնական աղոթքի օր (տեսանյութ)

1998-ից սկսած ապրիլի 9-ը եղել է ՀՀ նախագահների երդմնակալության օր։ Երկու անգամ ապրիլի 9-ին տված երդմամբ պաշտոնավարումն սկսել է Ռոբերտ Քոչարյանը, երկու անգամ էլ այս օրը եղել է Սերժ Սարգսյանի պաշտոնամուտի օր։

1998-ի ապրիլի 9-ին արտահերթ նախագահի ընտրությունների արդյունքով հաղթող ճանաչված Ռոբերտ Քոչարյանի երդմնակալությունը Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում էր։ Արարողակարգին ներկա չէր նախագահական մրցավազքում Քոչարյանի հիմնական մրցակից թեկնածուն` Կարեն Դեմիրճյանը։ Փոխարենը ներկա էր նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ճեմասրահում հանդիպեց եւ շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին։

2003-ի ապրիլի 9-ին արդեն Ռոբերտ Քոչարյանի երդմնակալությունը կառավարության նիստերի դահլիճում էր, դեպի այս տարածք տանող բոլոր ճանապարհները փակված էին փշալարերով, որպեսզի նախագահի ընտրության արդյունքները կասկածի տակ առնող հանրահավաքի մասնակիցների կոչերը ներսում լսելի չլինեն։ Իշխանությունը ջանացել էր, որպեսզի ընդդիմադիրների հանրահավաքի մասնակիցների թիվը հնարավորին փոքր լինի՝ չէր աշխատում քաղաքային տրանսպորտը, իսկ մետրոյի գնացքները «Հանրապետություն» կայարանում կանգառ չէին անում։ Ընդդիմության հանրահավաքը մեկնարկեց Մատենադարանի մոտից, ապա երթով շարժվեց կառավարության նիստերի դահլիճի ուղղությամբ՝ Մելիք Ադամյան։ Իշխանությունը ձգտեց կանխել երթը` ցուցարարների, այդ թվում՝ քաղաքական գործիչների նկատմամբ ուժ կիրառվեց։

2008-ի ապրիլի 9-ին արդեն երդմամբ ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնում էր Սերժ Սարգսյանը։ Արարողությունը, ինչպես Քոչարյանի անդրանիկ պաշտոնամուտի ժամանակ, օպերայի շենքում էր։ Այս նույն օրը, սակայն, լրանում էր նաեւ մարտի 1-ի զոհերի մահվան քառասուներորդ օրը, եւ Մյասնիկյանի արձանի մոտ բողոքի բազմամարդ ակցիա էր։

2013-ի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը Մարզահամերգային համալիրում էր երդվում լինել ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորը։

Նույն պահին Ազատության հրապարակում երդման այլընտրանքային արարողություն էր կազմակերպել իրեն ընտրություններում հաղթած համարող Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը հարթակից հորդորեց Հայաստանի իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին կա՛մ հրաժարական տալ, կա՛մ ձերբակալել իրեն։ Հովհաննիսյանը այդ օրը Հայաստանի քաղաքացիներին կոչեց հակառակ ոստիկանության իր ձեւակերպմամբ՝ ապօրինի պահանջի՝ երթով հասնել Ծիծեռնակաբերդ, ընդ որում քայլել պարտադիր Բաղրամյանով, Ազգային Ժողովի, ՀՀ նախագահի նստավայրի առջեւով։

Մինչ բողոքական ընտրազանգվածը ձգտում էր մուտք գործել Բաղրամյան, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հաջողվեց Րաֆֆի Հովհաննիսյանին Ծիծեռնակաբերդ հասցնել այլընտրանքային ճանապարհով՝ շրջանցելով Բաղրամյանը։ Այստեղ միասնական աղոթք հնչեց։

2010-ի այս օրը Սահմնադրական Դատարանը քննարկում էր Նիկոլ Փաշինյանի հայցը թիվ 10 ընտրատարծքում պատգամավորի ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու մասին։ Քաղաքացիական ակտիվությամբ աչքի ընկավ ի պաշտպանություն հայցվոր կողմի ցույցի մասնակից Վարդգես Գասպարին։